Մատչելիության հղումներ

Իսրայելի հայ համայնքը սգում է Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահը


Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան

Թորգոմ պատրիարքը ոչ միայն տեղի հայ համայնքի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի հոգեւոր ամենախոշոր դեմքերից մեկն էր։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահը ցնցեց Իսրայելի հայ համայնքը։

Ամենապատիվ հոգեւոր հոր սիրտը դադարեց բաբախել հինգշաբթի առավոտյան, ու բժիշկները արձանագրեցին նրա մահը` երկարատեւ հիվանդությունից հետո։

Մինչ իր մահկանացուն կնքելը Թորգոմ պատրիարքը գտնվում էր ֆրանցիսկյանների Սուրբ Փրկիչ վանքի հիվանդաց բաժնում` «Հադասա-էին Քերեմ» հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։

Երեկ արդեն միաբանական ժողով էր հրավիրվել` կազմակերպելու Պատրիարքի հուղարկավորությունը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արտաքին հարաբերությունների եւ միջեկեղեցական կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երուսաղեմ են ժամանելու Սրբոց Հակոբյանց միաբանության անդամները` մի շարք երկրներից, ու հաջորդ հինգշաբթի` հոկտեմբերի 19-ին, տեղի է ունենալու միաբանական ժողով, որն էլ ընտրելու է տեղապահ։ Տեղապահի հիմնական պարտականությունն է լինելու նոր Պատրիարքի ընտրությունների կազմակերպումը։

Երեկ տեղի ունեցած միաբանական ժողովի որոշմամբ, Թորգոմ պատրիարքի վերջին օծումը, ապա` եկեղեցական կարգն ու թաղումը տեղի կունենան հոկտեմբերի 22-ին, որին նախորդող օրերին կանցկացվեն մի շարք եկեղեցական արարողություններ։

Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի փոխանցմամբ` Պատրիարքի դին հողին են հանձնելու հայկական թաղամասում գտնվող Սուրբ Փրկչի գերեզմանատանը, մյուս հայ Պատրիարքների շիրիմների կողքին։

Երկու տարի առաջ Երուսաղեմում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն, հանրապետության բարձրագույն` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը հանձնեց Թորգոմ պատրիարքին` գահակալության 20, քահանայության 70 եւ ծննդյան 91-ամյակի կապակցությամբ։

Հենց 2010 թվականի նոյեմբերին Երուսաղեմում կայացած միաբանական ընդհանուր ժողովին Պատրիարքը նամակով փոխանցել էր իր առողջական վիճակի պատճառով նոր Պատրիարքի ընտրություններ անցկացնելու խնդրանքը։ Հիվանդության պատճառով, այս ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում էր լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ու թեեւ կանոնադրական փոփոխություններ կատարվեցին ստեղծված հանձնաժողովի կողմից, սակայն նոր Պատրիարքի ընտրություններ անցկացնելու հարցը հետաձգվեց։

Երջանկահիշատակ Թորգոմ պատրիարքը ոչ միայն երուսաղեմահայ, այլեւ ամբողջ հայ ժողովրդի հոգեւոր ամենախոշոր դեմքերից մեկն էր` մտավորական, հեղինակ ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, որոնց թվում` երեք բանաստեղծական ժողովածուներ, Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք գրքեր։ Նա ճանաչված կոմիտասագետ էր, Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույցի հեղինակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG