Մատչելիության հղումներ

«Ժառանգության» խոսնակը «քաղաքական նոր մոտեցում» է որակում Հովհաննիսյանի հայտարարությունը


Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարում են «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»-ի ընտրարշավի մեկնարկի մասին, 9-ը ապրիլի, 2012թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարում են «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»-ի ընտրարշավի մեկնարկի մասին, 9-ը ապրիլի, 2012թ.

«Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչը, մինչդեռ, այստեղ քաղաքական պայքար չի տեսնում։

Սա կուսակցական պայքար չէ, ընդամենը մի անձը պատասխանել է մյուսին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը այսպես ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։

Ուրբաթ օրը տարածած հայտարարությունում Հովհաննիսյանը «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին մեղադրում է ստախոսության, «այն էլ` հերթական» սուտը հրապարակելու մեջ: Նույն օրը ավելի ուշ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ` մասնավորապես, ափսոսանք հայտնելով այն կապակցությամբ, որ ընդդիմադիր դաշինք կայացնելու իրենց բոլոր ջանքերն ու ներդրումները «հետեւողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»:

Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվեց հարցազրույց տալ այս թեմայի շուրջ` պատճառաբանելով, որ պետք չէ անհատների հայտարարություններին կուսակցական ենթատեքստեր տալ:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ինչ-որ տեղ համամիտ լինելով Արզումանյանի հետ, այնուամենայնիվ, նշեց, որ յուրաքանչյուր հետեւանք ունի իր պատճառները:

«Ամեն դեպքում, պարոն Հովհաննիսյանի հայտարարության մեջ կոնկրետ անձի անուն է նշվում։ Անձի պատասխանատվության, իր խոսքին հետեւելու պատրաստակամության եւ իրեն հավատալ-չհավատալու եւ սխալվելու մասին է խոսքը», - ասաց Խուրշուդյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` այսպիսի հայտարարություններից հետո արդյոք հնարավո՞ր է դաշինքի պառակտումը, «Ժառանգության» խոսնակը արձագանքեց. - «Ամսի 21-ին «Ժառանգություն» կուսակցությունը խմբակցության հետ համատեղ նիստ է հրավիրելու, ընդ որում` ընդլայնված նիստ, որի ժամանակ այլ հարցերի շարքում կքննարկվեն նաեւ այս խնդրի շուրջ եղած բոլոր հարցերը եւ կկայացվեն որոշումներ»։

Նա չմանրամասնեց` արդյոք քննարկումը երկու կուսակցությունների «ապահարզանի» խնդրի՞ն է վերաբերելու, տվյալ հարցին պատասխանելով. - «Ես ասացի այն, ինչ որ ասացի»։

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Խաչատուր Քոքոբելյանի հետ` պատգամավորական մանդատները միասին վայր դնելու մասին. այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանը եւս մեկ անգամ հաստատեց այս տեղեկատվությունը: Քոքոբելյանը, մինչդեռ, երկու օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր նման պայմանավորվածության առկայությունը։

Իր երեկվա հայտարարության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է, որ ցավ է զգում հատկապես այն երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգություն»-ից եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: «Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ», - հայտարարում է «Ժառանգության» առաջնորդը։

Ի պատասխան` Խաչատուր Քոքոբելյանը իր հայտարարության մեջ ափսոսանք է հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ»: «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահը հարկ է համարում հիշեցնել, որ «ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից»:

«Չե՞ք կարծում, ար նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող այսպիսի զարգացումները թուլացնում են ընդդիմությանը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. - «Պարոն Հովհաննիսյանի հայտարարության վերնագիրը, եթե տեսել եք` «Ճշմարտությունը բարձր է ամեն ինչից»։ Եվ այնտեղ նա նաեւ խոսում է այն մասին, որ որպես քաղաքական գործիչ եւ զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` միգուցե զերծ մնար այս հայտարարությունից, բայց ինքը պնդում է, որ ճշմարտությունը վեր է ամեն ինչից, եւ այդ իմաստով սա քաղաքական միգուցե նոր մոտեցում է, երբ ազնվությունը եւ պարկեշտությունը վեր է դասվում քաղաքական ինչ-որ պահեկան նպատակահարմարությունից»։

«Անգամ եթե տուժեն այստեղ ընդդիմադիր ուժերի շահերը», - այս դիտարկմանն էլ «Ժառանգության» խոսնակը հակադարձեց. - «Եթե ընդդիմադիր ուժի շահերը պետք է հիմնված լինեն ստի վրա, միգուցե դա արդեն մեկնաբանության հարց է` կտուժի թե ոչ»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG