Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 13-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյան - Խաչատուր Քոքոբելյան վերջին հակամարտությանը, ընդհանրական դատողություններ է անում Հայաստանում քաղաքական բարոյականության մասին։ «Սովորաբար քաղաքական գործիչները ձգտում են անաղարտ պահել իրենց «բարոյական կերպարը» ոչ թե նրա համար, որ իրենք կարեւորում են այդ արժեքները, այլ որովհետեւ հասարակությո՛ւնն է կարեւորում, իսկ որեւէ քաղաքական գործիչ առանց ընտրողների համակրանքի զրո է, ոչինչ։ Հայաստանում, սակայն, դա այդպես չէ, որովհետեւ մեզանում հասարակական կարծիքն ու ընտրությունների արդյունքները համարյա իրար հետ կապ չունեն, եւ խորհրդարանը բոլորովին այլ սկզբունքներով է ձեւավորվում։ Դրա համար էլ քաղաքական գործիչներն առանձնապես չեն վախենում «քցողի» պիտակից։ Ինչ վերաբերում է գործնական մեխանիզմներին, ապա պետք է արձանագրել, որ արդեն տասնհինգ տարի է` Հայաստանի իշխանությունները պետական մակարդակով խթանում են «քցելը» եւ հնարավոր բոլոր ձեւերով խրախուսում «քցողներին»։ Ընդ որում` երբեմն դա արվում է զանգվածաբար, երբեմն` «անհատական ծրագրով», - գրում է մեկնաբանը։

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը ասել է. - ««Քանի դեռ ԲՀԿ-ն պաշտոնապես, ընդ որում` իր առաջնորդի մակարդակով չի հրաժարվել 2011 թվականին ստորագրած կոալիցիոն հուշագրի իր ստորագրությունից, նշանակում է, որ այս քաղաքական ուժը 2013 թվականի նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Միաժամանակ, ես ընդունում եմ եւ պնդում, որ միայն ԲՀԿ-ն կարող է որոշել, թե առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ինչպիսի դիրքորոշում է ունենալու, քանի որ սա բացառապես ԲՀԿ-ի խնդիրն ու մենաշնորհն է: Մեկ անգամ եւս կրկնում եմ, որ ԲՀԿ պաշտոնական կարծիքը մեզ համար միայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտոնական կարծիքն է: Իսկ քանի որ նախագահական ընտրությունների վերաբերյալ այլ պաշտոնական փաստաթուղթ չկա, որի տակ առկա է Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը, նա պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Իսկ եթե որեւէ մեկը գիտի այլ պաշտոնական փաստաթուղթ կամ հայտարարություն, որի տակ կա ԲՀԿ ղեկավարի ստորագրությունը, թող հրապարակի այն»։

«168 ժամ»-ի թղթակիցը քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանին հարցնում է. - «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նախքան Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված միջնորդության քվեարկությունը, ԱԺ-ում հայտարարեց, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ի հետ «նույն երգն էին երգում», եւ հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Այդ դեպքում ի՞նչ մրցակցության մասին է խոսքը»։ Պատասխան. - «Որպես կատակ պատասխանեմ` եթե ՀՀ գործող նախագահը հայտարարի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջն իր ջանքերի շնորհիվ, հավատացեք, բոլոր հանրապետականները կասեն` «այո, միայն գործող նախագահի շնորհիվ է, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջը»։ Իրականում մի բան է, ինչ նրանք հրապարակային են ասում, այլ բան է, ինչ ասում են ոչ հրապարակային։ Ոչ հրապարակային խոսակցություններում նրանցից շատերը լրիվ այլ բաներ են ասում, սա` ի գիտություն։ Ինչ վերաբերում է «նույն երգը երգելուն», ապա նշեմ, որ ժամանակին Ստալինն ու Տրոցկին նույն երգն էին երգում, մինչդեռ 20 տարի անց Տրոցկին սպանվեց Ստալինի կողմից։ Ի դեպ, որպես օրինակ նշեմ, որպեսզի վերացական չթվա. Վրաստանում իշխանության եկած Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցներից շատ-շատերը ժամանակին Սահակաշվիլիի կուսակցության անդամներ էին, եւ «նույն երգն էին երգում», ուղղակի հիմա նրանք հաղթեցին Սահակաշվիլիի կուսակցությանը»։

«Ժամանակ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Չե՞ք կարծում, որ Կոնգրեսն այսօր իր գործունեությունը չի պայմանավորում հասարակական վստահությամբ»։ Պատասխան. - «Փաստացի, մենք հրաժարվեցինք հասարակության օժանդակությունից կամ դա համարեցինք ոչ բավարար։ Պրագմատիկ քաղաքականությամբ զբաղվելով, արտաքին գործոնները եւ ազդեցությունները հաշվի առնելով` փորձեցին ԲՀԿ հետ այս խաղը տանել։ Ինձ համար քաղաքականության մեջ ամենակարեւորը բարոյականությունն է։ Առաջին հերթին հենց ընդդիմությունն է պարտավոր լինել ազնիվ ու շիտակ»։ Հարց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծես, չի ուզում հաղթել, որովհետեւ եթե ամբողջ խաղաքարտերդ դնում ես ԲՀԿ վրա, քո հաղթելու հնարավորությունն է նվազում։ Եթե այդ թեկնածուն լինի ԲՀԿ-ից, ինչպես ձեր համակարգողն էր ասում, ՀԱԿ-ը կաջակցի՞ հզոր թեկնածուին»։ Պատասխան. - «Ես բացառում եմ, որ ՀԱԿ-ը աջակցի այլ կուսակցությունից առաջադրված որեւէ թեկնածուի. Կոնգրեսի քաղաքական խորհրդում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Եթե մեր կուսակցությունը դեմ եղավ, որոշում չի ընդունվի»։

«Ժողովուրդ»-ի թղթակիցը զրուցել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Ի վերջո, ՕԵԿ-ը կազմավորվե՞ց, կոնկրետ քանի՞ անդամ ունի Ձեր կուսակցությունը»։ Պատասխան. - «Որպես կուսակցություն` ՕԵԿ-ը շատ վաղուց է, ինչ ձեւավորված է, նոր որոշում էր կայացվել նախագահի եւ ընդհանուր մեր քաղխորհրդի կողմից , որ պետք է այնպես անենք, որ նոր մարդկանցով համալրենք մեր շարքերը, քանի որ ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ մենք ունեինք մեր բացթողումները։ [...] Անգամ մոտավոր թվեր չեմ կարող ասել, թե ՕԵԿ-ը քանի անդամ ունի, դեռ մենք հաշվարկներ ենք անում, շուտով այդ ամենի մասին ձեզ էլ կասենք»։ Հարց. - «Արթուր Բաղդասարյանի երազանքը մշտապես եղել է նախագահ դառնալը, նա չի՞ առաջադրում իր թեկնածությունը»։ Պատասխան. - «Մենք հայտարարել ենք, որ սատարելու ենք մեր նախագահ Սերժ Սարգսյանին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG