Մատչելիության հղումներ

«ՀԱԿ-ը չի կարող չառաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին»


Ֆեյսբուքյան ասուլիս. Նիկոլ Փաշինյան
please wait

No media source currently available

0:00 1:03:25 0:00
«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը այս ուրբաթ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր:

Պատասխանելով «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի այն հարցին, թե որքանո՞վ է հնարավոր համարում, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը չի առաջադրի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, արդյոք նման պարագայում հնարավոր կլինի՞ պահպանել ՀԱԿ-ի սատարողների կոնսոլիդացիան եւ ՀԱԿ-ն ընդհանրապես, Փաշինյանը պատասխանեց. - «Հնարավոր չեմ համարում. Այսինքն Հայ ազգային կոնգրեսը չի կարող չառաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ հարց է` Տեր-Պետրոսյանը կորոշի՞ մասնակցել նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Բայց որ ՀԱԿ-ը չառաջադրի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, նման հավանականություն ես չեմ տեսնում»:

Օգտատերերից մեկը հարցրել էր` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, ՀԱԿ-ը կսատարի՞ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին: Փաշինյանը ասաց, որ դա բացառված է:

Այն հարցին, թե ինչո՞ւ է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին համարում մարտի 1-ի մեղավորներից մեկը, ինչո՞ւ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ չսատարեց նրան, Փաշինյանը պատասխանեց, թե Օսկանյանի հետ տեղի ունեցածը «մեկ թիմի քաղաքական շոու է»:

«Աղվան Հովսեփյանը, Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, [այս ցանկը սպառիչ չէ], 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության տաս քաղաքացիների գնդակահարած խմբավորման անդամներ են: Ով ուզում է, որ մեր արյունը անպատիժ հեղվի Երեւանի փողոցներում, ես թույլ չեմ տա դա, ինչքանով կկարողանամ: Այսօր կկարողանամ այդ հարցը դնել Օսկանյանի հարցի քննարկման համատեքստում, կանեմ դա, վաղը ուրիշ առիթ կլինի, էլի կանեմ: Ես ասում եմ, որ թույլ չեմ տա մարդկանց գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել եւ կիսել այդ խմբավորումը այնպես, որ համ իշխանության դերում լինեն այդ խմբավորման ներկայացուցիչները, համ ընդդիմության», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Օգտատերերը հարցեր էին գրել նաեւ այն մասին, թե արդյոք ՀԱԿ-ում ներքին անհամաձայնություններ կա՞ն. - «ԱԺ-ում ձեր յոթ հոգանոց թիմում 40 անհամաձայնություններ կան: Դատելով ձեր քվեարկություններից ու ելույթներից եմ եկել այս եզրահանգմանը», - գրել էր օգտատերերից մեկը:

«Հանրության համար գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ում կոնսենսուս առայժմ չկա: Ես չէի հարգի եւ չէի լինի Կոնգրեսում, եւ ՀԱԿ-ը չէր լինի ՀԱԿ, եթե այնտեղ լիներ մեկ տեսակետի իշխանություն», - ասաց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG