Մատչելիության հղումներ

Կարճ ժամանակահատվածում արդեն հաղորդվել է ավելի քան 50 հազար դոլարի կաշառատվության մասին։

Մոսկվայում մի խումբ երիտասարդներ որոշել են պատերազմ հայտարարել կոռուպցիային վիրտուալ աշխարհում: Նրանք հատուկ հավելված են ստեղծել iPhone-ների եւ iOS համակարգով աշխատող այլ շարժական սարքերի համար, որով յուրաքանչյուր ոք կարող է հաղորդել կաշառակերության մասին, նշել այս կամ այն պաշտոնյային տրված գումարի չափն ու դրա նպատակը։

Այս տեղեկատվությունը կենտրոնացվում է տվյալների բազայում եւ նշվում ինտերնետային հատուկ քարտեզի վրա, որի օգնությամբ յուրաքանչյուր ոք կարող է հետեւել կաշառքների շարժին՝ Ռուսաստանի ողջ տարածքում։

Ընդ որում, կոռուպցիայի մասին հաղորդողների տվյալները չեն հրապարակվում։

Նախագիծը, որը կոչվում է Bribr՝ անգլերեն կաշառք բառից, հիմնադրել է 25-ամյա Եվգենիա Կույդան, ով հույս ունի այս կերպ մարդկանց մեջ քաղաքացիական ակտիվություն արթնացնել՝ օր-օրի տարածվող կոռուպցիայի ֆոնին։

«Մեր հիմնական նպատակն է հասարակական հնչեղություն տալ հարցին», - ասել է նա ու հավելել,- «մենք հավատում ենք, որ եթե շարունակաբար ահազանգենք եւ ցույց տանք մարդկանց կոռուպցիայի դեպքերը, ապա կարող ենք այս ոլորտում ինչ-որ բան փոխել»։

Նշենք, որ հավելվածը հասանելի է դարձել սեպտեմբերի 24-ից, սակայն, այս կարճ ժամանակահատվածում արդեն հաղորդվել է ավելի քան 50 հազար դոլարի կաշառատվության մասին։

Հաղորդումների մեծ մասը ստացվել է Մոսկվայից, ընդ որում, ծրագրի ինտերնետային էջի տվյալներով, ապօրինի գումարների 70 տոկոսը տրվել է համալսարան ընդունվելու կամ երեխաներին մանկապարտեզում տեղավորելու համար, տասը տոկոսը՝ բաժին է հասել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին։

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարող Transparency International կազմակերպության զեկույցներում Ռուսաստանը դասվում է աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում։ Անկախ փորձագետների տվյալներով,ամեն տարի երկրում շրջանառվում է մի քանի հարյուր միլիոն դոլարի կաշառք։
XS
SM
MD
LG