Մատչելիության հղումներ

Հայաստանը մտադիր է դադարեցնել «Հայրենակիցներ» ծրագիրը


Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ

Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ

Մոսկվայի կողմից Հայաստանում իրականացվող վիճահարույց «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագրի շուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ:

Այդ մասին հայտնի դարձավ ուրբաթ օրը` Երեւանում տեղի ունեցած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից հետո:

Նիստից հետո, որը համանախագահում էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ «Հայրենակիցներ» ծրագրի հարցը այսօր քննարկվել է հանձնաժողովի աշխատանքի ժամանակ, բայց կողմերը մնացել են իրենց դիրքորոշումներում: Կովալենկոն, սակայն, մանրամասներ չհաղորդեց:

Փոխարենը փակագծերը բացեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ով այսօր նույնպես մասնակցել է հանձնաժողովի աշխատանքներին: Եսայանը ասաց, որ առաջացած հակասություններն անգամ արձանագրվել են նիստի ավարտից հետո կազմված փաստաթղթում:

«Կողմերը մնացել են իրենց դիրքորոշման մեջ. դա նշանակում է, որ ռուսական կողմը արձանագրությունում գրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ծրագրի իրականացման հարցում: Հայկական կողմը ընդգծելով, որ ինքը կատեգորիկ դեմ է այդ ծրագրի իրականացմանը», - ասաց Եսայանը:

Օրերս Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, թե ընդլայնում ու դյուրացնում է «Հայրենակիցներ» ծրագրի իրականացումը եւ խնդիր է դրել տարեկան ապահովել 300 հազար միգրանտների հոսք դեպի Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր արտերկրից մարդկանց Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին։

Իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մոտ տաս օր առաջ ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, թե Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այդ ծրագիրը Հայաստանի համար ընդունելի չէ:

«Այն ձեւով ու ֆորմատով, որ այդ ծրագիրն իրականացվում է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ: Եվ մենք համաձայնություն չենք տվել մեր Ռուսաստանի գործընկերներին, որ այս ծառայությունը իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետությունում», - ասել էր վարչապետը:

«Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե ծրագիրը կշարունակի՞ գործել Հայաստանում, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով նույնպես ներկա էր հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, պատասխանեց. - «Ներողություն, Հայաստանի տարածքում գործողությունները որոշում է Հայաստանը, այնպես որ, քանի որ շատ հստակ արտահայտվել է Հայաստանի դիրքորոշումը, ապա բնական է, որ չի կարող այդ ծրագիրը իրականացվել»:

Փոխարտգործնախարարը, սակայն, խուսափեց ասել, թե կոնկրետ ե՞րբ կդադարեցվի ծրագիրը. - «Ես ինչ որ պետք է ասացի, ավելին ասելու բան չունեմ», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG