Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը` Եվրամիությանը


Նորվեգիա - Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը հայտարարում է Խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիությանը շնորհելու մասին, Օսլո, 12-ը հոկտեմբերի, 2012թ.

Նորվեգիա - Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը հայտարարում է Խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիությանը շնորհելու մասին, Օսլո, 12-ը հոկտեմբերի, 2012թ.

Մրցանակը ուղերձ է Եվրոպային, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

«Ազգերի եղբայրության, ռազմական լարվածության թուլացման եւ խաղաղության գաղափարների պաշտպանության գործում առավելագույն ջանքեր ներդնելու համար» սահմանված Խաղաղության Նոբելյան մրցանակին այս տարի արժանացավ Եվրոպական միությունը։

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն ընտրություն էր կատարել ստացված 231 հայտերից, որոնցից 43-ը կազմակերպություններ էին։

2012 թվականի հաղթողի անունը կեսօրին Օսլոյում հրապարակեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ով Նոբելյան կոմիտեի նախագահն է։

«Միությունը եւ նրա հետեւորդները վեց տասնամյակների ընթացքում նպաստել են խաղաղության եւ համերաշխության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների առաջընթացին Եվրոպայում», - հայտարարեց Թորբյորն Յագլանդը։

Ուշագրավ է, որ Եվրամիությունը մրցանակը ստանում է մի շրջանում, երբ կանգնած է իր պատմության մեջ ամենածանր ֆինանսական ճգնաժամի առջեւ, ինչի հետեւանքով միության մի շարք անդամ պետություններ տնտեսական խորը անկման մեջ են։

«Եվրամիությունը օգնեց Եվրոպան պատերազմից խաղաղության մայրցամաքի վերածելու», - ասված է Նոբելյան կոմիտեի հայտարարությունում:

Մրցանակը, որը մեկ միլիոն 200 հազար դոլար է կազմում, մեծ հանդիսավորությամբ կհանձնվի Օսլոյում դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։

Որոշման հրապարակումից րոպեներ անց Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն է անմիջապես արձագանքել` հայտարարելով, թե մեծ հուզմունքով իմացել լուրը, եւ որ իրականում մրցանակը ուղերձ է Եվրոպային։

«Նոբելյան կոմիտեի այս մրցանակը ցույց է տալիս, որ անգամ այս դժվար ժամանակահատվածում Եվրոպական միությունը շարունակում է ոգեշնչման աղբյուր լինել պետությունների եւ մարդկանց համար ողջ աշխարհով մեկ, եւ որ միջազգային համայնքը Եվրոպական ուժեղ միության կարիքն ունի», - ասել է Բարոզուն։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ հայտարարել է, թե Բալկաններից մինչեւ Կովկաս Եվրոպական միությունը որպես ժողովրդավարության եւ հաշտեցման փարոս է ծառայում։ Շնորհակալական արձագանքներ են ստացվել նաեւ Բեռլինից: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է ասել, թե մրցանակը պետք է խթան դառնա հետագա աշխատանքի համար։ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը կարեւորել է, որ հետագա սերունդներն էլ հնարավորություն ունենան վայելել Եվրամիության առավելությունները

Մինչդեռ Մոսկվայից քննադատություն է հնչել այս որոշման կապակցությամբ։ Հայտնի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւան կարծիք է հայտնել, թե քաղաքական դաշինքի փոխարեն մրցանակը պետք է ստանային Իրանի քաղբանտարկյալները կամ ռուսաստանցի իրավապաշտպանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG