Մատչելիության հղումներ

logo-print
Իշխող Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերին արտահերթ համաժողով կամ համագումար կանցկացնի, որի ժամանակ պաշտոնապես կհայտարարվի կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընրություններում առաջադրելու մասին:

ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ հարցը քննարկվել է կուսակցության գործադիր մարմնի` երեկ երեկոյան կայացած նիստում:

Շարմազանով փոխանցեց նաեւ, որ որեւէ անդրադարձ չի եղել Վարդան Օսկանյանի գործին կամ նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի աջակցությունը ստանալու խնդրին:

«Շատ է գրվում, թե իբր Հանրապետականը ժամկետներ է դրել, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա ղեկավարը կողմնորոշվեն: Նման հրապարակումները իրականությունից հեռու են եւ որեւէ կապ չունեն իրականության հետ, դրանք անհեթեթ խոսակցություններ են», - ասաց Շարմազանովը` հավելելով. - «Իսկ այն, որ նախագահ Սարգսյանը Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը կարող են հանդիպել, դրանում էլ չպետք է զարմանալ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը համարվում է Ազգային անվտանգության խորհրդի անդամ, ի վերջո նրա կուսակցությունը ընդդիմադիր չէ, այլընտրանքային է: Կոնկրետ նախագահական ընտրությունների թեմայով որեւէ հանդիպում չի եղել»:

Թեեւ ՀՀԿ-ական պատգամավորները եւ իրավապահ մարմինները պնդում են, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը որեւէ քաղաքական դրդապատճառ չունի, սակայն միջազգային արձագանքն այս գործին բավական սուր է: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը խոսեց «ընտրովի արդարադատության» մասին, իսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը նշեց, թե համառ պնդումներ կան, որ այդ գործն ունի քաղաքական դրդապատճառներ:

Հարցին, թե իշխանությանը այս հայտարարությունները արդյո՞ք չեն մտահոգում, եւ արդյո՞ք դրանք չեն վնասում Հայաստանի միջազգային հեղինակությանը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. - «Բայց ի՞նչ է եղել, որ Հայաստանի հեղինակության վրա անդրադառնա… Մենք էլ ասում ենք, որ աբսուրդ է խոսել քաղաքական դրդապառճառների մասին: Հանրապետական կուսակցության բազմաթիվ գործիչներ այսօր կալանքի տակ են եւ ձերբակալված են տարբեր կոռուպցիոն գործերով: Եվ որեւէ մեկը չի ասում, որ դա Հանրապետական կուսակցության դեմ է»:

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանին վերաբերող հարցին, մասնավորապես` թե ինչու նրան պաշտոնից ազատելուց հետո շուրջ երկու տարի չէին ձերբակալում, Շարմազանովը պատասխանեց, թե այդ հարցը իրավական տիրույթում է. - «Իսկ այն, որ մարդիկ խոսում են PR ակցիաների մասին, դա անլուրջ է: Պարզ է, չէ՞, որ ցանկացած գործընթաց կարող են այս ընթացքում կապել նախագահական ընտրությունների հետ: Ի՞նչ են առաջարկում այդ մարդիկ. մենք նստենք, մի տարի գործ չանենք, թե ինչ է, մեկ տարի հետո նախագահական ընտրություններ են լինելու, որպեսզի Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը չասե՞ն, որ նախագահական ընտրությունների հետ է կապված: Եթե մենք այսօր հնարավորություն ունենք աշխատավարձ բարձրացնենք` չանե՞նք, եթե կոռուպցիայի դեմ պետք է պայքարենք` չանե՞նք, եթե պետք է ժողովրդավարության զարգացման համար խնդիրներ իրականացնենք` չանե՞նք… Ստացվում է, որ քաղաքական PR ակցիաներ ասողները քաղաքական պատվերներ են կատարում»:

Հարցին, թե արդյոք վարչապետը նոր իմացավ, որ առողջապահության ոլորտում նման խայտառակ իրավիճակ է, իշխող կուսակցության խոսնակը հակադարձեց. - «Իսկ ի՞նչ եք կարծում` իշխանությունը գիտեր եւ հինգ տարի լռո՞ւմ էր»:

Հիշեցնենք, որ կառավարությունում նախագահ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո ձերբակալվեց, ապա կալանավորվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նույն գործով կալանավորվել են նաեւ ծառայության աշխատակիցներ Հովհաննես Գրիգորյանը եւ Աշոտ Աբրահամյանը:

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանցնապես խոշոր չափերով գույք յուրացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու կասկածանքով կալանավորվել է Քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:

Ոստիկանությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ երեկվանից հետախուզում է հայտարարվել Սոցիալական ապահովության ծառայության Նոր Նորքի բաժնի նախկին պետ Արամ Մարտիրոսյանի նկատմամբ:
XS
SM
MD
LG