Մատչելիության հղումներ

Մեկնաբանները միանգամայն իրատեսական են համարում Հայաստանի հաղթանակը


Իտալիայի հետ հանդիպումից առաջ երեկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը` հաջողություն մաղթելով նրանց
Իտալիայի հետ հանդիպումից առաջ երեկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը` հաջողություն մաղթելով նրանց
Goal.com ֆուտբոլային հեղինակավոր հանդեսը, անդրադառնալով այսօր կայանալիք Հայաստան - Իտալիա խաղին, գրել է, թե Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի սեփական հարկի տակ, երկրպագուների մեծ ճնշման միջոցով իր խաղային պատմության մեջ լավագույն արդյունքը ցույց տալ՝ հաղթանակի հասնելով աշխարհի ուժեղագույն ընտրանիներից մեկի նկատմամբ։

Հիշեցնելով, որ հավաքականից հեռացել է ավագ Սարգիս Հովսեփյանը, իսկ Բուլղարիայի հետ խաղի ընթացքում ստացած կարմիր քարտերի պատճառով այսօրվա հանդիպումը բաց են թողնելու Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարյանը, Goal.com-ը ընդգծել է, թե Վարդան Մինասյանը ստիպված է փոփոխություններ կատարել թիմի մարզավիճակը կարգավորելու համար։ Միեւնույն ժամանակ, ըստ կայքի մեկնաբանների, Հայաստանի հավաքականում հանդես եկող բավական վտանգավոր հարձակվողները կարող են այնպիսի անակնկալներ մատուցել, որոնք կցնցեն Եվրոպան։

Դառնալով Իտալիայի ազգային ընտրանուն` կայքը կարծիք է հայտնել, որ Բուլղարիայի եւ Մալթայի հետ հիասթափեցնող խաղերից հետո Չեզարե Պրանդելին հույս ունի Երեւանում ցուցադրել, թե ինչի է ընդունակ իր թիմը։ Ըստ Goal.com-ի մեկնաբանների, Իտալիայի հավաքականի մարզիչը հատկապես Բուլղարիայի հետ սեպտեմբերին կայացած հանդիպումից հետո մտադիր է շատ ավելի համոզիչ ֆուտբոլ ցուցադրել այսօրվա խաղում։ Չնայած բուլղարացիների հետ Իտալիայի հավաքականը ոչ ոքի խաղաց, իսկ խմբի հետնապահը համարվող Մալթայի թիմի նկատմամբ էլ հաղթանակ տարավ, այդուհանդերձ, մարզական մեկնաբաններն արձագանքեցին, թե դա դեռ իտալական ֆուտբոլ չէր։ Իտալիայի թիմը, ըստ Goal.com-ի Երեւան է ժամանել ամեն գնով երեք միավոր վաստակելու համար, ուստի Պրանդելին ծանր հրետանին է խաղադաշտ հանելու։

Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե չնայած Հայաստանի այսօրվա մրցակիցը աշխարհի ուժեղագույն թիմերից է, այդուհանդերձ, Վարդան Մինասյանի թիմի հաղթանակը միանգամայն իրատեսական է։

«Դա բարդ հանգամանք է, իհարկե, բայց իրատեսական համարում եմ, որովհետեւ փոքր-ինչ սասանված հեղինակություն վերականգնելու խնդիր ունի Հայաստանի հավաքականը` նախորդ երկու հանդիպումները այդքան հաջող չանցկացրեց», - ասաց Քալանթարյանը` շարունակելով. - «Ինչու ոչ, Իտալիայի հետ խաղում պետք է ապացուցել, որ մենք դեռ կարող ենք խաղալ այն ֆուտբոլը` դեռ մի բան էլ ավելի, ինչ ցուցադրում էինք նախորդ ընտրական մրցաշարում»։

«Ցանկությունն է մեծ` գեղեցիկ ֆուտբոլ տեսնելու, որովհետեւ Իտալիայի այս հավաքականը կարող է գեղեցիկ խաղալ, իսկ մեր հավաքականը դրան ձգտում է շատ վաղուց, եւ արդեն ստացվում է։ Բնականաբար, այդ գեղեցիկ ֆուտբոլը տեսնելու ակնկալիքը բավական չէ` մենք, իհարկե, ցանկանում ենք մեր հավաքականի հաջող ելույթը նաեւ տեսնել, եւ դրա համար, ես գտնում եմ, կան նախապայմանները` չնայած լուրջ կորուստներին մեր հավաքականի կազմում», - ընդգծեց մարզական մեկնաբանը։

«Հրազդան» ստադիոնը եթե լեփ-լեցուն լինի եւ ընդհանրապես իրադարձությունները զարգանան մեր սցենարով, մենք կարող ենք նաեւ հաղթել Եվրոպայի փոխչեմպիոնին», - կարծիք հայտնեց Քալանթարյանը` ամփոփելով. - «Այնպես որ, ես անձամբ լիահույս եմ, որ կարող ենք երեք միավոր վաստակել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG