Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքարանը արգելել է խառնամուսնությունները


Թուրքիայի Հայոց պատրիարքարանը այս ամսվա սկզբից կրկին արգելք է դրել խառնամուսնությունների վրա:

Շուրջ տասը տարի առաջ վերացված այս սահմանափակումը նորից ուժի մեջ է մտնում եկեղեցու սահմանած նոր կարգի տեսքով, ըստ որի` այլ կրոն դավանող անձանց հետ հայերի ամուսնությունները այլեւս չեն օրհնվում, ինչպես նաեւ նման դեպքերում թույլ չի տրվում եկեղեցում հարսանեկան արարողություն անցկացնել։

Որոշումը բավական բուռն արձագանք է գտել տեղի հայ համայնքում։ Դեռ 2000 թվականին, երբ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը բացեց եկեղեցու դռները այն հայերի համար, ովքեր ցանկանում էին այլազգիների հետ ամուսնանալ, համայնքում կրկին միանշանակ չընդունեցին այս որոշումը։

Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Turkish Daily News-ին ասել է, թե ընդամենը գործադրել է եկեղեցում արդեն գոյություն ունեցող օրենքը ու հավելել, թե այս հարցի շուրջ որեւէ այլ հայտարարություն չի ցանկանում անել:

Հայազգի Մուրադ Գասպարը, ով անցած ամիս մուսուլման թուրքի հետ ամուսնացել է եկեղեցում, թուրքական պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե պատրիարքարանի այս որոշումը դուրս է համայնքն ու նրա ավանդույթները պահպանելու ցանկության շրջանակից, հատկապես, որ Թուրքիայում հայերի թվաքականի նվազման միտում կա։

«Չեմ կարծում, որ այս որոշումը ճիշտ է»,- Turkish Daily News-ին ասել է 36-ամյա Մուրադ Գասպարն ու ընդգծել, թե եկեղեցական հարսանիքը ավանդույթ է. - «Եթե ամուսնանալ պատրաստվող զույգը հարգում է միմյանց հավատքը, դա չպետք է կանխվի։ Ես դեմ եմ պահպանողականությանը»:

28-ամյա Անահիտն էլ ճիշտ հակառակը, համոզմունք է հայտնել, որ պատրիարքարանը ճիշտ է վարվել` վերականգնելով արգելքը:

«Խառնամուսնությունների մեծ աճ կա, ազգաբնակչությունը, ավանդույթներն եւ մշակույթը պետք է պաշտպանել», - ասել է ստամբուլաբնակ կինը։

Turkish Daily News-ի այս հոդվածագիրը հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն է: Նրա կարծիքով` 2000 թվականից հետո վերջին տասը տարվա մեջ խառնամուսնությունների թիվը գագաթնակետին էր հասել, եւ թերեւս այս մտահոգությամբ պայմանավորված է եկեղեցին վերադարձել նախկին որոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG