Մատչելիության հղումներ

Հավաքականը «կազմուպատրաստ է» Իտալիայի հետ խաղի համար


Հավաքականը «կազմուպատրաստ է» Իտալիայի հետ խաղի համար
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը ասում է` վաղը ազգային ընտրանին փորձելու է ցուցադրել մեր ֆուտբոլի պատմության ամենալավ խաղը: Գլխավոր մարզիչը շեշտում է` դրա համար նաեւ բախտ է պետք:

Սակայն ազգային հավաքականը բացի բախտից ուշադրություն է դարձրել նաեւ պատրաստվելու վրա եւ կփորձի Հայաստան-Իտալիա վճռորոշ հանդիպումը իսկական տոն դարձնել երկրպագուների համար:

«Ես ընդունում եմ այն քննադատությունը, որ հիմա իրոք մեր թիմը այն գրավիչ ֆուտբոլը ցույց չի տալիս, ինչպես անցած տարի, ու ինձ թվում է` դա է հիմա մեր թիմին պակասում` խաղալ ավելի գրավիչ, ավելի ստեղծագործ», - հինգշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարեց Մինասյանը:

Խոսելով կորուստներից` գլխավոր մարզիչն ասաց, որ թեեւ երկու հիմնական խաղացողներ չեն խաղալու, բայց փոխարենը վաղը հանդես եկողները կազմուպատրաստ են: Արթուր Սարկիսովի ստացած թեթեւ վնասվածքը արդեն ապաքինվել է: Վաղվա խաղում հավաքականի հետ չի լինի վերջերս ֆուտբոլային կարիերան ավարտած, նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Ավագի թեւկապը կկրի առաջին համար Ռոման Բերեզովսկին:

Ինչ վերաբերում է հավաքականի ընտրած խաղաոճին, մարզիչը ասաց, որ երկար ժամանակ հետեւել է մրցակցի խաղերին, հատկապես ուսումնասիրել է Բուլղարիա-Իտալիա խաղը: Նրա խոսքով` Հայաստանի թիմը փորձելու է հնարավորինս բալանսավորված խաղ ցուցադրել, հարձակվելու է առիթի դեպքում: Հավաքականի կազմը գրեթե որոշված է:

«Դարպասում կլինի Բերեզովսկին, բացի մի դիրքից մնացած տաս ֆուտբոլիստները արդեն հայտնի են, մենք մեկ մարզում էլ այսօր ունենք, եթե ամեն ինչ նորմալ եղավ, այդ դիրքը երեկոյան մարզումից հետո կորոշենք», - ասաց գլխավոր մարզիչը:

Խոսելով մրցակցից` Վարդան Մինասյանը ասաց, որ Իտալիայի հավաքականը տակտիկապես միշտ շատ լավ է պատրաստված: Որպես վտանգավոր խաղացողներ` Մինասյանը առանձնացրեց Բուֆոնին եւ Պիռլոին:

«Շատ վտանգավոր է այսօրվա Իտալիայի հավաքականը, բայց ես միշտ ասում եմ, որ ցանկացած թիմ ունի ուժեղ եւ թույլ կողմեր, բացառություն չէ Իտալիան: Չնայած կարող եմ ասել, որ Իտալիան համարյա թե թույլ կողմի չունի, բայց կան որոշակի դրվագներ, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձրել, կփորձենք դա օգտագործել խաղի ժամանակ», - ասաց Մինասյանը:

Վարդան Մինասյանը նշեց, որ հավաքականի անցկացրած վերջին երկու խաղը մտածելու առիթներ է տվել: Նրա խոսքով` մեզ մոտ հարձակման գծի խաղը չէր ստացվում: Այս խաղին մարզիչը ֆուտբոլիստներից ավելի լավ խաղ է սպասում:

Ի դեպ, այս խաղից սկսած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողներին հավատարմագրում է նոր կարգով: «Ազատություն» ռադիոկայանը, ըստ նոր կարգի, Հայաստան-Իտալիա խաղը եւ դրան առնչվող ասուլիսները լուսաբանելու իրավունք չի ստացել:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, ով զբաղվում է հավատարմագրման գործընթացով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հավատարմագրումը կատարվել է ըստ առաջնահերթության, իսկ մյուս լրատվամիջոցներին կտրամադրվի ասուլիսների եւ խաղից որոշ հատվածների ձայնագրությունը:

«Առաջնահերթություն տրվում է խոշոր լրատվական կայքերին, գործակալություններին, այնուհետեւ գալիս են մարզական կայքերը, ֆուտբոլային կայքերը, ֆուտբոլային օրաթերթերը, ֆուտբոլային շաբաթաթերթերը, որից հետո նոր գալիս են ռադիոհեռուստաընկերությունները եւ ոչ մասնագիտական մեդիան», - ասաց Մանուկյանը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի Հայաստան-Իտալիա հանդիպումը կմեկնարկի վաղը ժամը 21.00-ին «Հրազդան» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG