Մատչելիության հղումներ

logo-print

Վեց տարվա ազատազրկումը «նվազագույն պատիժն է Առաքելյանի համար»


Տիգրան Առաքելյանը բերման է ենթարկվում, 19-ը փետրվարի, 2009

Տիգրան Առաքելյանը բերման է ենթարկվում, 19-ը փետրվարի, 2009

Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հինգշաբթի օրը Վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ ընդդիմադիր ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին ու Տիգրան Առաքելյանին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանման ենթակա չէ եւ հիմնավորված է:

Ավելին, ըստ դատախազի, Տիգրան Առաքելյանի նկատմամբ սահմանված 6 տարվա ազատազրկումը «նվազագույն պատիժն է նրան մեղսագրվող հանցագործությունների համակցության մեջ», որովհետեւ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներից երկուսը նախատեսում են մինչեւ հինգ տարվա, իսկ մեկը` 5-10 ը տարվա ազատազրկում:

Ինչ վերաբերում է մյուս երեք դատապարտվածներին, դատախազը անհրաժեշտ համարեց, որպեսզի բացառության կարգով ազատազրկումը չկիրառվի միայն Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ, ով առողջական խնդիրներ ունի, եւ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, Վերաքննիչ դատարանին ներկայացված բողոքում ակտիվիստները պահանջում են արդարացնել իրենց` համոզմունք հայտնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը «քրեական օրենսգրքի սխալ կիրառման արդյունք է»:

Մինչդեռ Հակոբ Մարտիրոսյանը այսօրվա նիստում բողոքը որակեց «չհիմնավորված». - «Կոնկրետ դատական սխալն ինչո՞ւմն է արտահայտվել: Հանցակազմի այդ ո՞ր տարրը չի եղել, ո՞ր տարրը դատաքննությամբ չի ապացուցվել», - հարցրեց դատախազը:

Մարտիրոսյանը հավելեց, որ իրականություն չէ դիմող կողմի այն պնդումը, որ առաջին ատյանի դատարանի վճիռը «հիմնված է բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա, դատարանի կողմից անտեսվել, որոշ դեպքերում՝ միտումնավոր թաքցվել են ոստիկանների կողմից հանցագործությունների կատարումը փաստող ապացույցներ»: Նա չհամաձայնեց նաեւ այն պնդմանը, որ «իրենց նկատմամբ բռնությանն ի պատասխան են ամբաստանյալները դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության», ինչը «ուղղակիորեն բացառում է նրանց գործողությունները հանցագործություն համարելը», քանի որ ըստ դատախազի, ոստիկաններն իրականացնելիս են եղել իրենց ծառայողական պարտականությունները եւ ակտիվիստներն են առանց օրինական հիմքերի միջամտել նրանց աշխատանքին:

«Մինչ Տիգրան Առաքելյանի մոտենալը ոստիկանները ցուցաբերել են զուսպ պահվածք», - հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանի քիթը կոտրելու դրվագին, որի համար Տիգրան Առաքելյանին ամենածանր մեղադրանքն առաջադրվեց, Մարտիրոսյանը չհամաձայնեց, որ «Առաքելյանի պարանոցը սեղմած պահելու պայմաններում ոստիկանի քթին գլխի հետեւի մասով հարվածելը դիտավորությամբ լինել չէր կարող, քանի որ մարդը չի կարող առանց հետ նայել կարողանալու դիտավորությամբ եւ դիպուկ խփել թիրախին»:

«Դիպուկությունը որեւէ կապ չունի արարքը ուղղակի դիտավորությամբ կատարելու կամ չկատարելու…եւ ով է ասում, որ նա պետք է հատուկ նշան բռներ ու հարվածեր: Կարեւորը հարվածն է, իսկ թե հարվածը կկպներ դեմքին, քթին կամ մարմնի որ մասին, սա էական նշանակություն չունի», - հայտարարեց դատախազը:

Տիգրան Առաքելյանը դատախազի ելույթին հաջորդած իր խոսքում ուշագրավ համարեց, որ որեւէ անդրադարձ չեղավ, «թե ինչո՞ւ է հորինվել որպես միջադեպի առիթ ներկայացվող շան դնչկալի պատմությունը, եւ կա՞ որեւէ երաշխիք. որ գործի այլ դրվագներ էլ հորինված չեն»:

Դատական նիստին զուգահեռ Դավիթ Քիրամիջյանի մայրը ստորագրահավաք էր անցկացնում իր որդուն եւ մյուս ակտիվիստներին ազատազրկման դատապարտված առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին դատավորի լիազորություններից զրկելու պահանջով: Ռութ Գրիգորյանը տեղեկացրեց, որ համապատասխան դիմումն ուղարկելու են նախագահ Սերժ Սարգսյանին, Արդարադատության խորհրդին եւ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովներին:

«Դատավորին պետք է զրկել դատավոր կոչվելու իրավունքից, որովհետեւ Գագիկ Պողոսյանը քնել է, ճոճվել է եւ ողջ դատավարության ընթացքում չի լսել ոչ մի կողմին: Ոնց կարող է դատավորը ուշի ուշով չհետեւել այդ ամբողջ ընթացքին եւ հետո խաղալ երիտասարդների ճակատագրերի հետ: Դիմում ենք հանրապետության նախագահին, որովհետեւ ինքը օգոստոսի 31-ին տվեց էսպիսի մի եզրակացություն, որ ոչ մի դատավոր անպատիժ չի մնալու` հատկապես քաղաքացիների բողոքների դեպքում: Ես` որպես ՀՀ քաղաքացի, եւ իմ նման տասնյակ քաղաքացիներ պահանջում ենք, որ Գագիկ Պողոսյանին զրկեն դատավոր կոչվելու իրավունքից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ռութ Գրիգորյանը:
XS
SM
MD
LG