Մատչելիության հղումներ

Դադարեցվեց Աղստեւ գետի Պաղջուր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը


Այսօր Բնապահպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Տավուշի մարզի Գետահովիտ համայքնի ներկայացուցիչներն ու բնապահպան ակտիվիստները: Նրանք պահանջում են դադարեցնել Գետահովիտ համայնքում Աղստեւ գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի լայնածավալ շինարարությունը, որն արդեն իսկ վնասներ է հասցրել համայնքին եւ բնությանը:

Գյուղի բնակիչները պնդում են, որ արդեն կառուցված 1-ին ՀԷԿ-ի եւ այժմ կառուցվող «Խաչաղբյուր-2»-ի հետեւանքով իրենց գյուղի ջրի պաշարները նվազել են:

Բնապահպան ակտիվիստները երեկ այցելել էին Գետահովիտ համայնք: Բնապահպան Եղիա Ներսեսյանը ասում է, որ այնտեղ աշխատում է 10 միավոր ծանր շինտեխնիկա: Շինարարական աշխատանքների պատճառով առաջացել են սողանքներ, արմատախիլ են արվել ծառեր: Բացի այդ հարակից տարածքում է գտնվում նաեւ Արջատխլենիների արգելավայրը, որը եւս վտանգված է. -«Վնասները անգնահատելի են»:

Գետահովտի բնակիչ Արթուր Ավագյանը պնդում է, որ շինարարությունն ընթանում է առանց իրավական հիմքերի, բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ եւ թերի: ՀԷԿ-ի կառուցման համար թույլտվություն է տվել Ենոքավանի գյուղապետը, մինչդեռ տարածքը պատկանում է Գետահովիտ գյուղին. - «Մարդիկ, գիտակցելով, որ դա իրենց վարչական տարածքը չէ, նախկինում տված իրենց թույլտվությունները անվավեր են ճանաչել»:

Բնապահպաններին եւ համայնքի ներկայացուցիչներին ընդունեց նախարար Արամ Հարությունյանը: Լսելով գետահովիտցիների դժգոհությունները, ինչպես նաեւ տեղեկանալով փաստաթղթերի եւ շինարարության թույլտվության հետ կապված խնդիրներին` նախարարը հանձնարարականներ տվեց. - «10 օր ժամկետ եմ տալիս ներկայացնել համապատասխան եզրակացություն: Հասարակական թեւից էլ կներգրավեք մի քանի ներկայացուցիչների, սպասում եմ ձեր առաջարկներին: Կառուցապատողին առաջարկում են դադարեցնել աշխատանքները»:

Ակտիվիտները նախարարի հետ հանդիպումից հետո նշեցին, որ առայժմ արդյունքներից գոհ են, իսկ ավելի կոնկրետ կխոսեն 10 օր հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG