Մատչելիության հղումներ

Քոքոբելյանը վայր չի դնում մանդատը


Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարում են «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»-ի ընտրարշավի մեկնարկի մասին, 9-ը ապրիլի, 2012թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարում են «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»-ի ընտրարշավի մեկնարկի մասին, 9-ը ապրիլի, 2012թ.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա հայտարարեց հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։

Մեկնաբանելով օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունը, որ իր եւ «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի միջեւ եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար, Քոքոբելյանը վստահեցրեց, թե այն թյուրըմբռնման արդյունք է, եւ իրենք նման պայմանավորվածություն չեն ունեցել։

Սեպտեմբերին Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց իր պատգամավորական մանդատից: Նրան խորհրդարանում փոխարինեց փորձագետ Թեւան Պողոսյանը, հետո «Ժառանգության» ղեկավարը զարմացավ, թե ինչո՞ւ նույնը նաեւ Քոքոբելյանը չարեց:

Քոքոբելյանն ասաց` երիտասարդների մուտքը խորհրդարան ապահովելու գաղափարը լավն է, բայց. - «Իմ պատկերացմամբ եղել է թյուրըմբռնում այդ հայտարարությունը: Միգուցե նաեւ իմ գործընկերոջ կողմից ակնկալիք է եղել, որ ես էլ կարող եմ գնալ նման քայլի»:

Քոքոբելյանի հավաստմամբ` իրենց կուսակցությունը հարգում է մանդատից հրաժարվելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը, բայց իրենք դեմ են եղել նաեւ այդ քայլին:

«Մենք ի սկզբանե դեմ ենք եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականին: Այս մասին ես բազմիցս իրեն էլ եմ հայտնել եւ խոսել ենք, որովհետեւ մենք գտնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նման փորձառու քաղաքական գործիչը, լինելով Ազգային ժողովում, կարող էր էլ ավելի մեծ նպաստ բերել «Ժառանգություն» ֆրակցիային եւ, իմ պատկերացմամբ, դա բնավ կարող էր չխանգարել նախագահի ընտրություններին», - ասաց Քոքոբելյանը:

Հովհաննիսյանը մանդատները վայր դնելու մասին հայտարարությունն արել էր, երբ Քոքոբելյանը բացակայում էր Հայաստանից` հույս հայտնելով, որ նրա վերադառնալուն պես պետք է հարցը քննարկեն: Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի հանդիպումը երեկ երեկոյան է կայացել, որի սկզբում, «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարի ձեւակերպմամբ, քննարկվել են մանդատը վայր դնելու մասին Հովհաննիսյանի հայտարարությունը:

«Երեկվա քննարկման արդյունքում ես եկա այն եզրակացության նաեւ, որ այդ մոտեցումները... ինքը նշում է, որ մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, որոնցից մենք երբեւիցե չենք հրաժարվել եւ չենք հրաժարվում, միասնական հանդես գալու երկարաժամկետ քաղաքականություն իրականացնելու գործառույթներում, առնվազն նախագահի եւ նրան հետեւող ընտրություններում, եւ կարճաժամկետ քաղաքականություն չենք վարում», - ասաց «Ազատ դեմոկրատների» առաջնորդը:

Քոքոբելյանը հույս ունի, որ «Ազատ դեմոկրատներ»-ը ու «Ժառանգություն»-ը երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածությունը չեն խախտի: Կուսակցություն նախ կսատարի Երեւանի թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն»-ից պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանին, նախագահական ընտրություններում էլ, առաջադրման դեպքում, «Ազատ դեմոկրատներ»-ի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի:

«Եթե առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում կայացնի, որ առաջադրի իր թեկնածությունը, այո, մենք կսատարենք նրա թեկնածությունը եւ կաջակցենք մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով», - ասաց նա:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Քոքոբելյանի հայտարարությունները չմեկնաբանեց, ասաց` Հովհաննիսյան-Քոքոբելյան հանդիպման արդյունքներին անդրադառնալու են 10 օրից կայանալիք «Ժառանգություն» կուսակցության վարչության եւ խորհրդարանական խմբակցության ընդլայնված նիստում: Մինչ այդ գնահատականներ չեն ներկայացնի:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG