Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 11-ի մամուլ


«Առավոտ»-ը փորձում է վերհանել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում պարբերաբար ստեղծվող քաղաքական կոալիցիաների եւ դաշինքների անխուսափելի փլուզման պատճառները: Բերելով, մասնավորապես, «Հանրապետություն» եւ «Միասնություն» երբեմնի դաշինքների օրինակը` թերթի խմբագիրը գրում է. - «Պատճառն այն է, որ այդ կոալիցիաների անդամները չունեն ոչ միայն գաղափարական, այլեւ մարտավարական ընդհանրություններ: Դրանց բոլորի իմաստը հետեւյալն է. առկա է ինչ-որ մի ուժ, որը շանսեր ունի իշխելու կամ հայտնվելու խորհրդարանում, այդ ուժը հավակնություններ ունի իր շուրջը ինչ-որ «կոնսոլիդացիայի» պատրանք ստեղծելու եւ հանուն իր այդ ամբիցիաների իր հետ քաշում է մի քանի այլ գործիչների, որոնք սովորաբար հայտնվում են «աղքատ ազգականների» կարգավիճակում: Այդ՝ բավականին նվաստացուցիչ դերը նրանց վաղ թե ուշ ձանձրացնում է, եւ առաջին իսկ հարմար պահին այդ «կցված» գործիչները «թռնում են» իրենց «կոնսոլիդացնողի» վրայից: Բացառություն չէ նաեւ «Ժառանգությունը», որը վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ ակնհայտորեն սխալ որոշում է կայացրել՝ իր կազմում ընդգրկել «Ազատ դեմկրատների» եւ, այսպես կոչված, «հասարակական սեկտորը» (թե ինչ է դա իրականում նշանակում, ես, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում): Արդյունքում նախորդ գումարման խորհրդարանում արդյունավետ աշխատած եւ ժողովրդի գիտակից մասի կողմից դրականորեն ընկալվող գործիչները այս անգամ պատգամավոր չդարձան՝ իրենց տեղը զիջելով «Ազատ դեմոկրատներին», որոնք, իհարկե, շատ հարգարժան մարդիկ են, բայց «Ժառանգության» «բրենդի» տակ չեն ընկալվում»:

Պետական կառավարման տարբեր ոլորտներում վերջին շրջանում արձանագրվող կոռուպցիոն երեւույթների շուրջ բարձրացած աղմուկի կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը ընդհանրացնում է. - «Սերժ Սարգսյանի նախաձեռնած «կոռուպցիայի դեմ պայքարը», որն ի սկզբանե նախատեսված էր որպես քարոզչական բնույթի միջոցառում, կարծես թե դուրս է գալիս վերահսկողությունից եւ սկսում աշխատել հենց Սերժ Սարգսյանի դեմ: Պատճառը շատ պարզ է. որքան էլ Սերժ Սարգսյանը փորձեց ներկայացնել դա որպես առանձին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացված հանցագործություններ, իրողությունը թաքցնել չհաջողվեց: «Բացահայտված գործերի» վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցում ներգրավված է եղել համարյա ամբողջ իշխանական համակարգը»:

Նույն հարցերն այլ դիրքերից է գնահատում «Հայոց Աշխարհ»-ը. - «Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին մոտ մեկ ամսվա գործունեությանը, իրարահաջորդ խորհրդակցություններին ու կոշտ հայտարարություններին, ոմանք գերազանցապես մի մտակաղապար են շրջանառում, թե այդ ամենը պարզապես PR է։ Ասել կուզի՝ ընդամենը ձեւական, բացառապես քարոզչական շեշտադրում ունեցող գործողություններ ու հայտարարություններ են։ Այդ մտակաղապարին զուգահեռ, վերջին օրերին տարածվում է նաեւ մեկ այլ պնդում, թե նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, սկսել է նախընտրական արշավը։ Ինչ վերաբերում է պետության ղեկավարի գործունեությանը եւ հայտարարություններին, ապա թերեւս միայն մակերեսային մոտեցման ու ընկալման դեպքում կարելի է դրանք սոսկ քարոզչական կամ, իրենց լեզվով ասած, ընդամենը PR կամ ձեւական դրսեւորում համարել։ Հարցն այն է, որ նախագահի գործողությունները, հայտարարությունները միանգամայն կոնկրետ ազդեցություն են գործում ինչպես պետական կառավարման համակարգի գործունեության, այնպես էլ քաղաքական դաշտի ու իրավիճակի վրա»։

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Գալիք տարին մեզ ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսական իրավիճակի տեսանկյունից: 2013 թվականը առանձնանում է նրանով, որ ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվելու է ահռելի գումար` մոտ 418 միլիոն դոլար: Եթե սա վերածենք դրամի, մոտավորապես այնքան է, որքան ամբողջ տարվա ընթացքում պետք է ծախսենք պաշտպանության վրա: Եվ դա այն դեպքում, եթե դրամը չարժեզրկվի, եւ հաջորդ տարվա ընթացքում մեկ դոլարի գինը չանցնի 405 դրամից: Այսինքն, արտաքին պարտքի մարմանը 2013 թվականին ուղղվելու է մոտ 170 միլիարդ դրամ: Հաշվի առնելով, սակայն, դրամի արժեզրկման անխուսափելիությունը, արտաքին պարտքի սպասարկմանը կուղղվի ավելի շատ գումար, քան պաշտպանությանը: Սա Տիգրան Սարգսյանի կառավարության` 2009-2010 թվականներին իրականացրած «նոու-հաու»-ի արդյունքն է, երբ, իբր, տնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով ահռելի ծավալների եւ բարձր տոկոսադրույքներով պարտք ներգրավվեց, բայց արդյունքում արտաքին պարտքը եռապատկվեց, իսկ տնտեսական անկումը 2009-ին կազմեց 14.5 տոկոս, որն ամենախորը անկման ցուցանիշներից էր ամբողջ աշխարհում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG