Մատչելիության հղումներ

Ամերիկյան «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնը անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերություններում ակնկալվող որոշակի շարժերին` կանխատեսել է, թե Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության հաղթանակը մեծացնում է հավանականությունը, որ Մոսկվայի հետ կարող են վերականգնվել փոխադարձ պաշտոնական հանդիպումներն ու այցելությունները։

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, հիշեցնենք, երկխոսությունը կասեցված է 2008 թվականից ի վեր, միայն վրաց ընդդիմության որոշ ներկայացուցիչներ են այս ընթացքում Մոսկվայի հետ կապի մեջ եղել։

Միեւնույն ժամանակ, «Սթրաթֆոր»-ի փորձագետները իրատեսական չեն համարում, որ առաջիկայում Թբիլիսիին կհաջողվի բանակցություններ սկսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ։ Չնայած Բիձինա Իվանիշվիլին արդեն իսկ հայտնել է նման ցանկություն, արեւմտյան վերլուծական կենտրոնը հիշեցրել է, որ այս հարաբերությունները սրված էին նույնիսկ Սաակաշվիլից առաջ եւ հիմա դժվար թե չճանաչված հանրապետությունները հրաժարվեն ռուսական կողմնորոշումից:

Ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք»-ի առաջնորդ Իվանիշվիլին, հիշեցնենք, հավատարիմ է Վրաստանի ներկայիս՝ արեւմտյան կուրսին, եւ Թբիլիսի ռազմավարական հեռանկարը կապում է ՆԱՏՕ-ի հետ։

Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիան երեկ հայտարարել է, թե ընտրություններից շատ ավելի կարեւոր ու անհրաժեշտ է ամպրապնդել Վրաստանի ժողովրդավարացման հետագա քաղաքական գիծը։ Միեւնույն ժամանակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ այս ընտրությունները եւ իշխանության հանձնման ներկայիս փուլը շատ հուսադրող զարգացումներ են Վրաստանի պատմության մեջ. - «Ուզում եմ բարձր գնահատել ներկայիս կառավարության ջանքերը մեր բարձրաձայնած բազմաթիվ խնդիրները լուծելու ուղղությամբ եւ այն քայլերը, որոնք արվեցին քաղաքական գործընթացն առավել բաց եւ մրցակցային դարձնելու համար։ Մենք նաեւ շարունակում էինք ճնշում բանեցնել այն հարցերի մասով, որոնք, մեր կարծիքով, կարող էին ավելի կատարյալ լինել, ինչպես, օրինակ, ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված հարցերը»։

Պետքարտուղարի փոխտեղակալն ասել է, թե իրականում նախընտրական շրջանում բավական լուրջ մտավախություններ է ունեցել, անգամ` որ գործը կարող է հասնել բռնություն կիրառելուն. - «Երբ նախորդ ամիս Վրաստան այցելեցինք, անկեղծ ասած, ընտրությունների գիշերը կամ դրա հաջորդ օրը բռնությունների հեռանկարը միանգամայն իրատեսական էր։ Բազմաթիվ խոսակցություններ էին շրջում, որ նախապատրաստվում են խռովություններ։ Մենք բավական ժամանակ ենք անցկացրել ընտրություններին մասնակցող երկու կողմերին էլ ագրեսիվ հռետորաբանությունից հետ պահելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG