Մատչելիության հղումներ

Լրացավ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման 3-րդ տարին


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գնահատմամբ` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Հայաստանին տվեց այն, ինչ այսօր ունենք, իսկ ունենք հետեւյալը. Թուրքիան հայտնվել է միջազգային ճնշման տակ, եւ, ինչպես քանիցս նշվել է` գնդակն այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քոչարյանը ընդգծեց, որ արձանագրություններով սկզբնավորված հայ-թուրքական մերձեցման` ներկայումս կասեցված գործընթացի ապագան ամբողջությամբ կախված է հենց Անկարայի վարքագծից. -«Գնդակը իրենց դաշտում է: Թուրքիան հայտնվել է միջազգային հանրության ճնշման տակ, որպեսզի վավերացնի եւ կյանքի կոչի [արձանագրությունները]»:

Փոխարտգործնախարարը չի փորձում կանխատեսել այս ուղղությամբ Թուրքիայի հնարավոր քայլերը, սակայն «գործողությունների ընտրանքը մեծ չէ». - «Թուրքիան կա'մ պետք է գնա այդ ճանապարհով` առանց նախապայմանների, կա'մ էլ արդեն Թուրքիայի բոլոր այն փորձերը` ներկայացնելու, որ ինքը հակված է, պատրաստ է հարաբերությունների նորմալացմանը, այդ բոլորը արդեն` հենց արձանագրությունների պատմությունը ցույց տվեց, որ իրականում ինքը պատրաստ չէ»:

Հարցին, թե արդյո՞ք պետք էր ի սկզբանե գնալ այդ արձանագրությունների ստորագրմանը, արդյո՞ք պաշտոնական Երեւանը զղջում է դրա համար, փոխարտգործնախարարն արձագանքեց. - «Թուրքիան է փոշմանել, եւ դա երեւաց: Որովհետեւ Թուրքիան է հետ կանգնել, ոչ թե Հայաստանը»:


Արձանագրությունները Հայաստանին «ոչինչ չտվեցին»

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյան
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյան
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, մինչդեռ, համարում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները անօգուտ եւ վատ փաստաթղթեր են, որոնք Հայաստանին ոչինչ չտվեցին:

«Ինչ-որ բան տվեցին Հայաստանի իշխանություններին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարունակեց Մանոյանը: - «Իրենց ասելով` որոշ պետությունների համար լավ գործընկեր երեւալու վարկը տվեց: Բայց իրականում դա եղավ Հայաստանի շահերի հաշվին: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է այդ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ վերցնել»:

Արձանագրություններից վերջնականապես հրաժարվելու օգտին մինչեւ այժմ բերված բազմաթիվ փաստարկներին Մանոյանն այսօր ավելացրեց եւս մեկը. - «Հատկապես հաշվի առնելով Թուրքիայի վերջին հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հարցում, դա մեկ պատճառ, մեկ առիթ եւս է, որպեսզի այդ արձանագրություններից ստորագրությունը վերցվի»:

Ըստ թուրքական եւ ադրբեջանական որոշ կայքերի, Թուրքիայի արտգործնախարարությունը սադրանք էր գնահատել Ստեփանակերտի օդանավականի գործարկումը:

Կիրո Մանոյանը, արդուհանդերձ, կարծում է, որ պաշտոնական Երեւանն առայժմ չի շտապի արձանագրություններից ստորագրությունը ետ վերցնելու հարցում. - «Կարծում եմ, մեր իշխանությունները մինչեւ նախագահական ընտրությունները, դժբախտաբար, ոչ մի քայլ չեն ձեռնարկի` ճիշտ այն նպատակով, որ արձանագրությունների գործընթացը սկսեցին: Այսինքն` ընտրությունների հարց եւ այլն, այդ բոլորը հաշվի առնելով, որպեսզի էլի այդ մի շարք պետություններին լավ երեւան»:


Սասունյան. - «Չվավերացնելով արձանագրությունները` անուղղակիորեն Թուրքիան պաշտպանում է հայկական շահերը»

Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյան
Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյան
Սփյուռքահայ հայտնի հրապարակախոս «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը եւս կարծում է, որ արձանագրությունների ստորագրումը վնասակար մի ծրագիր էր, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սասունյանը նշեց, որ այդ փաստաթղթերի ցավալի հետեւանքներից մեկը հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ հակասությունների առաջացումն էր: Մինչդեռ որեւէ օգուտ հայկական կողմը չստացավ. - «Ո'չ սահմանները բացվեցին, ո'չ Ցեղասպանությունը ճանաչվեց, ո'չ դիվանագիտական հարաբերություններ ստեղծվեցին: Ոչ մի բան չտվեց, միայն ու միայն` վնաս»:

Հարցին, թե արդյոք արձանագրությունները ստորագրելով Հայաստանը միջազգային հանրության աչքին չերեւաց որպես կառուցողական երկիր, Սասունյանն արձագանքեց. - «Պրոբլեմն այն է, որ երբ Հայաստանը թույլ եւ տկար եւ, անշուշտ, փոքր երկիր է, ուրախանում են ղեկավարները այդպիսի լոզունգներով, որ մեծ պետությունները մեզ նայում են որպես հաշտարար, ազնիվ եւ այլն: Իսկ թուրքերը, որ հզոր, ինքնավստահ պետություն են, միշտ պաշտպանում են իրենց ազգային շահերը` անկախ նրանից, թե ով ինչ է ասում իրենց մասին»:

Հարութ Սասունյանը վստահություն հայտնեց, որ արձանագրությունները հեռանկար չունեն եւ երբեւէ չեն վավերացվի: Նա բավականին յուրօրինակ կապ է տեսնում Անկարայի կեցվածքի եւ հայկական կողմի շահի միջեւ. - «Թուրքական կառավարությունը չի վավերացնում այս պրոտոկոլները, ու անուղղակիորեն Թուրքիան պաշտպանում է հայկական շահերը»:
XS
SM
MD
LG