Մատչելիության հղումներ

logo-print

Գործազուրկ սիրիահայերը գերադասում են վերադառնալ Սիրիա


Մինչ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարում է, թե պահանջարկ չկա Երեւան-Հալեպ-Երեւան չվերթների իրականացման համար, Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիներ»-ը շարունակում է երկկողմանի չվերթները:

«Արմավիա»-ն սեպտեմբերի 17-ից դադարեցրել է այդ ուղղությամբ իր թռիչքները:

«Սիրիական ավիաուղներ»-ը թեեւ թվեր չի հրապարակում ուղեւորահոսքի վերաբերյալ, բայց ավիաընկերությունում «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ երեքշաբթի օրվա ինքնաթիռը ծանրաբեռնված էր: Շատ սիրիահայեր վերադառնում էին այդ երկիր, թեեւ մարտերը կառավարության ու ընդդիմության միջեւ շարունակվում են ինչպես Դամասկոսի, այնպես էլ հայաշատ Հալեպի շրջաններում:

Հալեպահայ Վարուժ Քեւորքյանն ընկերների հետ վերադառնում էր Հալեպ: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞ւ է մեկնում վտանգավոր այդ երկիր, ինչպես Քեւորքյանը, այնպես էլ նրա ընկերները նշեցին, թե Հայաստանում ոչ գործ կա իրենց համար, ոչ բնակատեղի, ստիպված են մեկնում:

«Տուն չկա, գործ չկա, ամեն ինչ վարձքով է: Եթե գործ լիներ, անշուշտ, կմնայինք», - ասաց նա:

Քեւորքյանը, ինչպես շատ սիրիացիներ, Հալեպում այժմ աշխատանք չունեն. - «Բայց այստեղ տան վարձ տալու փոխարեն այնտեղի մեր տանը կապրենք»:

Քեւորքյանի ընկերը` Հակոբ Հովսեփյանն էլ պատմեց, որ Լեռնային Ղարաբաղում մի փոքր գործ էին ձեռնարկել հողագործության ոլորտում: Ավարտել են այն ու այլեւս այստեղ անելիք չունեն: Նրանք նշում են, որ Հալեպում իսկապես վատ է վիճակը, ընտանիքի անդամներն այնտեղից հորդորում են հետ չվերադառնալ:

Երեւան ժամանած սիրիահայերը ավելի սակավախոս էին, քան մեկնողները: Դամասկոսում բնակվող Վարդուկ Ջաբարյանը Հայաստան էր ժամանել ամուսնու եւ երկու դուստրերի ետ: Նա ասաց, որ Դամասկոսում վիճակն համեմատաբար լավ է, քան Հալեպում: Ջաբարյանը ընտանիքը Հայաստանում վարձով է բնակվելու: Նրանց օդանավակայանում դիմավորում էր երեւանաբնակ ծանոթը` Նարի Հակոբյանը, ով ընտանիքի համար վարձով բնակարան է գտել:

Սամիր Դերձակյանն էլ անորոշ ժամանակով հայրենիք է եկել մինչեւ Սիրիայում խաղաղություն հաստատվի: «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե Հալեպում սննդի խնդիր կա, Դերձակյանը բացասական պատասխան տվեց:

Սփյուռքի նախարարության տվյալներով, այս պահին Հայաստանում է գտնվում շուրջ 4000 սիրիահայ: Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, մոտ վեց տասնյակ մարդ տեղավորվել է հանրակացարաններում, իսկ մնացածը բնակվում են կամ վարձով, կամ բարեկամների տներում:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կվճարի մարզերում վարձով բնակվող սիրիահայերի բնակարանների վարձակալության գումարները: Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ միությունը մոտ երկու տասնյակ ընտանիքի բնակարանի վարձն արդեն վճարել է:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG