Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փոփոխություններ է կատարել «Հայրենակիցներ» ծրագրում


Աշխատանքային միգրանտները Տաջիկստանից մեկնում են Ռուսաստան, արխիվային լուսանկար

Աշխատանքային միգրանտները Տաջիկստանից մեկնում են Ռուսաստան, արխիվային լուսանկար

«Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստան տեղափոխվել ցանկացողների հնարավորությունները պաշտոնական Մոսկվան ավելի է դյուրացնում եւ ընդլայնում։

Ծրագրում նոր փոփոխություններ են կատարվել, որոնք վերացնում են բյուրոկրատական որոշ խոչընդոտներ, բացի այդ` ընդլայնվում է ընտանիքի անդամների ներգրավվածությունը. պետական այս ծրագրով Ռուսաստան մեկնողների ընտանիքների անդամների մեջ արդեն կարող են ներառվել պապերը եւ տատերը, չափահաս տարիքի եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ որդեգրված երեխաները, ինչը հնարավորություն է տալիս մեկնել մեծ ընտանիքներով։

Երեքշաբթի օրը Մինսկում այս մասին հայտարարել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարության ազգամիջյան հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկին։

Նրա խոսքերով` Ռուսաստանի իշխանությունը խնդիր է դրել տարեկան ապահովել 300 հազար միգրանտների հոսք դեպի Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր եւ հեռավոր արտերկրից հայրենակիցներին Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին։

Իսկ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայրենակիցների գործերով վարչության խորհրդական Դմիտրի Կոսաչեւը հայտարարել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր 90 հազար հայրենակիցներ` իրենց ընտանիքներով, արդեն տեղափոխվել են Ռուսաստան։

2006 թվականից սկսված ծրագրում, նրա խոսքերով, վերջին տարիներին դրական դինամիկա է զգացվում. եթե 2010 թվականին Ռուսաստան է տեղափոխվել 13 հազար մարդ, 2011-ին` 32 հազար, ապա ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում արդեն 34 հազար մարդ` իրենց ընտանիքներով, ասել է նա։

Միգրացիոն դաշնային ծառայության գնահատմամբ` 2012-ին Ռուսաստան կտեղափոխվի մոտավորապես 50 հազար մարդ, անցյալ տարվա ցուցանիշները կգերազանցվեն մեկուկես անգամ, հայտարարել է Կոսաչեւը։

Նա նշել է, որ պետական այս ծրագրի նկատմամբ ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում Ղազախստանում ապրող հայրենակիցները, ավելացնելով, որ զգալի թվով մարդիկ են տեղափոխվել նաեւ Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից եւ Հայաստանից։

Այս տեղեկությունները հրապարակվել են երեքշաբթի օրը Բելառուսի մայրաքաղաքում անցկացված հանդիպման ժամանակ, որի մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Միջոցառման մասնակիցները նաեւ նշել են, որ ի սկզբանե «Հայրենակիցներ» ծրագիրը նախատեսված էր 6 տարվա համար եւ պետք է ավարտվեր այս տարվա դեկտեմբերին, սակայն սեպտեմբերին որոշում ընդունվեց պետական այս ծրագիրը դարձնել անժամկետ եւ ավելի հրապուրիչ տեղափոխվողների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG