Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 10-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն անպայման պետք է հանդես գա նախագահական ընտրությունների սեփական թեկնածուով, եւ եթե Ծառուկյանն այդ թեկնածուն չլինի, ապա ինքը պատրաստ է լինել ԲՀԿ-ի թեկնածուն, որոշակիորեն բացահայտում է «Բարգավաճ Հայաստան»-ում տիրող ներքին հակադրությունների թնջուկը, որը, ըստ էության, այդ կուսակցության համար էական է ոչ միայն նախագահական ընտրությունների, այլեւ ընդհանրապես քաղաքական ճակատագրի կոնտեքստում: Օսկանյանի հայտարարությունը կարծես թե վկայում է, որ նա թեկնածության խնդիրը հրապարակայնացնում է սեփական ապահովագրության համար` օգտվելով առիթից եւ փորձելով «Բարգավաճ Հայաստան»-ին, իսկ ավելի ճիշտ` Գագիկ Ծառուկյանին կանգնեցնել փաստի առաջ: Կարծես թե առկա է Վարդան Օսկանյանի, իսկ դա նշանակում է` նաեւ Ռոբերտ Քոչարյանի մտավախությունը առ այն, որ Գագիկ Ծառուկյանը կարող է հանկարծ սատարել Սերժ Սարգսյանին»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը նույնպես անդրադարձել է նախագահի թեկնածուներին. - «Քիչ ժամանակ է մնացել, երբ այս քաղաքական ուժերը պետք է հրապարակեն իրենց կուսակցական եւ նախընտրական ծրագիրը: Նաեւ առաջիկայում կլսենք նրանց թեկնածուների կամ առաջնորդների ելույթները: Դրանք համադրելու ժամանակ պարզ կդառնա, թե որքանով են այդ թեկնածուները հետեւողական եւ ինչ կապ ունեն իրենց հռչակած ծրագրի հետ: Արդեն տեսնում ենք, որ այն ուժը, որ երեկ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար էր պայքարում, հիմա հայտարարում է, թե լինելու է Ռուսաստանի համար մեկ գործընկերը: Ուղղակի պետք չէ լուրջ վերաբերվել այս քաղաքական շոուներին եւ հնարավորինս գիտակցել, որ նախընտրական տրամաբանությունը իր այլասերումներն ունի»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ոչ մի ուրիշ երկրի իշխանություն չէր հանդուրժի, որ օտար երկրի գործակալները գան, իր հողում գրասենյակներ բացեն, իր իսկ քաղաքացիներին գայթակղեն, տանեն դեպի անհայտություն, հետն էլ հայտարարեն, թե` լավ ենք անում։ Ոչ մի երկրում դեսպաններն այդքան «համարձակ» չեն, որ միջամտեն տվյալ երկրի ներքին կյանքին` գնահատականներ տան, քննադատեն, հանդիմանեն։ Դա պարզապես միջազգային սկանդալի առիթ կարող է հանդիսանալ։ Սակայն քանի որ ռուսները մեզ դիտում են որպես իրենց վասալներ, իսկ երկիրը` ֆորպոստ, ուստի բնական է, որ հենց այդպես էլ պետք է իրենց պահեն։ Բազմաթիվ անձինք են փորձել եվրոպական երկրներ եւ ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալ այդ երկրների դեսպանատներում, եւ բոլորը միաբերան պնդում են, որ նման նվաստացուցիչ վերաբերմունքի իրենց կյանքում հազվադեպ են հանդիպել: Սա եւս խոսում է մեր երկրի ու իշխանությունների թուլության մասին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Արդեն իսկ պաշտոնապես հայտարարվում է, որ 2013 թվականին Հայաստանն արտաքին պարտքի սպասարկման համար ստիպված կլինի վճարել 420 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ Պաշտպանության նախարարության բյուջեն ավելի քիչ է: Ինչո՞ւ է մեր արտաքին պարտքը նման ահռելի չափերի հասել: Որովհետեւ 2009-2010 թվականներին Սերժ Սարգսյանն ահավոր խուճապի մեջ էր ու վարչապետին հանձնարարել էր հնարավոր բոլոր աղբյուրներից վարկեր ճարել` թեկուզ ամենածանր պայմաններով, Տիգրան Սարգսյանն էլ դռնեդուռ ընկած փող էր մուրում` առանց հետեւանքների մասին մտածելու: Հիմա պարզապես եկել է դրա համար վճարելու ժամանակը: Ի դեպ, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, առ այսօր հայտնի չէ: Ինչ-որ վերացական ձեւակերպումներ են հնչեցվել` «աջակցություն փոքր եւ միջին բիզնեսին» (հետաքրքիր է` քանի՞ «փոքր եւ միջին բիզնեսմեն» է օգտվել դրանից), աջակցություն բանկային համակարգին եւ այլն, բայց փաստն այն է, որ միլիարդավոր դոլարները լափվել են, իսկ տնտեսությունը դրանից բացարձակապես չի շահել»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացնում է. - «Կենսաթոշակառուներին հասանելիք վճարումներից 240 միլիոն դրամ յուրացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը»: Թերթը շարունակում է. - «Եթե իսկապես Խաչիկյանն անմեղ «հրեշտակ» է եւ խոշոր գումարների յուրացման հետ կապ չունի, այդ դեպքում ո՞վ է յուրացրել այդ գումարը կամ որտե՞ղ է կորել այդ 240 միլիոնը»: Այս հարցադրումներին ի պատասխան Խաչիկյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը պարզաբանել է, թե մեղադրյալի կողմից այդքան խոշոր գումար յուրացնելու փաստը հորինվածք է: «Հայաստանում նամանավանդ այդպիսի պաշտոն զբաղեցնող մարդկանց հեշտ է մեղադրելը, շատ հնարավոր է, որ որոշ անձինք սուտ ցուցմունք են տվել Խաչիկյանի դեմ, կամ իրավապահ մարմինների միտումնավոր գործունեության հետեւանք է այդ գործը: Վստահ եմ, որ Խաչիկյանը կապացուցի իր անմեղությունը, մենք էլ հետը», - ընդգծել է փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG