Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային


Turkey -- Turkish troops take their position at the Akcakale border gate in southern Sanliurfa province, 07Oct2012

Turkey -- Turkish troops take their position at the Akcakale border gate in southern Sanliurfa province, 07Oct2012

Անդերս ֆոգ Ռասմուսենի փոխանցմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքն ունի հարկ եղած դեպքում Անկարային աջակցելու անհրաժեշտ ծրագրեր։

Այսօր Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, երկօրյա ժողով են գումարել դաշինքի անդամ-երկրների պաշտպանության նախարարները։

Օրակարգում Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունների իրականացման եւ միացյալ պաշտպանության կարողությունների ամփոփումը։ Այս երկրորդ կետը թույլ տալիս ենթադրել, որ նախարարները կանդրադառնան նաեւ Սիրիայի շուրջ ծավալվող զարգացումներին։

Վերջին տեղեկությունների համաձայն, քաղաքացիական պատերազմի սարսափելի ժամանակաշրջան ապրող այդ հայաշատ երկրում անցած գիշեր մահապարտ-ահաբեկիչները մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում պայթեցրել են Բաշար ալ-Ասադի օդուժի անվտանգության կառույցին պատկանող մի շենք։

Ապստամբները պնդում են, որ Հարասթա անվամբ արվարձանի այդ շենքը նախագահի անվտանգության ուժերը օգտագործել են որպես զնդան, որտեղ կտտանքների են ենթարկել ընդդիմության հարյուրավոր ակտիվիստների։

Մինչդեռ, օրըստօրե առավել հավանական է դառնում քաղաքացիական պատերազմը միջազգային խոշոր հակամարտության վերաճելու վտանգը։

Վեց օր շարունակ թուրք-սիրիական սահմանամերձ գոտում հրետակոծություններ են։ Նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ասել է, թե «Սիրիայում իրադարձությունները զարգանում են վատթարագույն սցենարով եւ դրանից Սիրիայի ժողովուրդն է տուժում«։

«Ժամանակ առ ժամանակ դրա հետեւանքով մենք էլ ենք կորուստներ կրում։ Մեր կառավարությունը մշտապես հարցը քննարկում է Թուրքիայի զինվորականների հետ։ Ինչպես տեսնում եք, անհրաժեշտ միջոցներն անմիջապես են գործադրվում, եւ հետայսու այդպես էլ կլինի»,- ասել է նախագահը։

Նրա խոսքերով, Անկարան չի ենթադրում, որ Սիրիայում անվերջ պետք է շարունակվի այսօրվա կացությունը։

«Մի օր հաստատ փոփոխություն կլինի, բայց մեր ցանկությունն է, որ դա տեղի ունենա նախքան Սիրիան ինքն իրեն վերջնականապես կավերիա, այլապես արյունահեղությունը կանգ չի առնի։ Միջազգային համայնքը պարտավոր է ավելի արդյունավետ գործել»,- նշել է Աբդուլահ Գյուլը։

Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր նորից նախազգուշացրել է, որ Անկարան առանց վարանելու հակահարված կտա Թուրքիայի դեմ ուղղված Սիրիայի ցանկացած գործողության։

Էրդողանն այցելել է սահմանամերձ գոտի եւ հանդիպել բանակի ստորաբաժանումների հրամանատարներին, ինչպես նաեւ իր առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին։

«Ասադին հավատարիմ ուժերը հրետակոծում են մեր տարածքը, մենք պատասխան ենք տալիս։ Ակնհայտ է, որ մեր բանակը չի կարող չարձագանքել Ասադի վարչակարգի ագրեսիվ քայլերին»,- ասել է Էրդողանը։

Այսօր թուրք-սիրիական խնդրին է անդրադարձել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդեր Ֆոգ Ռասմուսենը։

«Բնական է, որ Թուրքիան ունի պաշտպանվելու միջազգայնորեն ճանաչված իրավունք։ Ես կավելացնեմ նաեւ, որ Թուրքիան, իհարկե, կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի համերաշխության վրա։ Մենք ունենք Թուրքիային հարկ եղած դեպքում աջակցելու բոլոր անհրաժեշտ ծրագրերը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG