Մատչելիության հղումներ

Սիրիահայերի մեծամասնությունը Հայաստանում չի հաստատվի


Սիրիահայերը ժամանում են Երեւան, 17-ը օգոստոսի, 2012
Սիրիահայերը ժամանում են Երեւան, 17-ը օգոստոսի, 2012
Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով` այս պահին Հայաստանում գտնվող սիրիահայերի թիվը հասնում է 4000-ի, սակայն նրանց գերակշիռ մեծամասնությունը չի հաստատվի Հայաստանում:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասում է, որ սիրիահայերի մոտ 80 տոկոսը կհեռանան Հայաստանից հենց պատերազմական գործողություններն այդ երկրում ավարտվեն:

«Այդ թիվը տատանվում է, բայց մի բան փաստ է, որ սիրիահայերը եւ գալիս են, եւ գնում են: Բավականին շատ սիրիահայեր իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում Հայաստանում, այսինքն նրանք մտադիր են վերադառնալ Սիրիա», - ասում է Զաքարյանը:

Սփյուռքի նախարարության դիտարկումներով` Հայաստանում վերջնականապես կհաստատվի շուրջ 60 սիրիահայ ընտանիք, մոտ այդքանն էլ դեռ տատանվում է` վերադառնալ, թե վերջնականապես խզել կապերը Սիրիայի հետ:

«Շատ քիչ ընտանիքներ են սակայն, որ Հայաստանից տեղափոխվում են երրորդ երկիր: Նրանք, ովքեր ուզում են գնալ որեւէ այլ երկիր, կգնան Լիբանանից կամ միանգամից Սիրիայից», - ասում է Զաքարյանը:

Հուլիսի վերջին Հալեպից Հայաստան տեղափոխված Զեփյուռ Խնգիկյանն ու իր ընտանիքը դեռ Հալեպ վերադառնալու մտադրություն չունեն: Նրանք եւս, ինչպես շատ սիրիահայեր, սպասում են խաղաղության հաստատմանը: Երեխաները դպրոց են հաճախում, մեծերն էլ փորձում են աշխատանք գտնել: Զեփյուռի ու նրա քրոջ` Ծովինարի ամուսինները բժիշկներ են: Նրանք Հալեպում են թողել սեփական բուժհիմնարկներն ու շտապել այստեղ: Այժմ ծախսում են կուտակած գումարները, մինչեւ աշխատանք գտնեն:

«Եթե աշխատավարձը լավ լինի, ես կնախընտրեմ, այստեղ` իմ հայրենիքում մնալ: Ինձ համար հաճելի է այստեղ մնալը, բոլորը հայ են», - ասում է Խնգիկյանը:

Ամռան սկզբից, երբ բախումները Սիրիայի կառավարական ու ընդդիմադիր զորքերի միջեւ տեղափոխվեցին հայաշատ Հալեպ քաղաք, հալեպահայերի հոսքը դեպի Հայաստան ավելացավ: Զաքարյանի տվյալներով, այդ ընթացքում ավելի քան 5000 սիրիահայ եկավ Հայաստան: Նրանց փոքր մասը` մոտ 1000 մարդ, կարճ ժամանակ անց վերադարձավ Սիրիա:

Այժմ արդեն, ինչպես նշում են ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ում, ետ վերադարձողների թիվն այնքան է պակասել, որ իրենք սեպտեմբերի 17-ից անորոշ ժամկետով դադարեցրել են Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը: Այժմ միայն Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն է շաբաթական մեկ չվերթ իրականացնում:

«Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք կվերսկսեն չվերթներն այն ժամանակ, երբ սիրիահայերի կողմից պահանջարկ լինի:

«Առայժմ պահանջարկ չկա», - ասում է Ավետիսովան` հավելելով, որ սեպտեմբեր ամսվա համար վաճառված տոմսերի գումարներն արդեն ետ են վերադարձրել ուղեւորներին, հոկտեմբերի 15-ի եւ 22-ի համար վաճառված տոմսերի գումարները դեռ վերադարձված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG