Մատչելիության հղումներ

Հայաստանում անպտղությունը կազմում է շուրջ 20 տոկոս


Հայաստանում անպտղությունը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, կազմում է շուրջ 20 տոկոս: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հինգ ընտանիքներից մեկը ընդհանրապես չի կարող երեխա ունենալ կամ խնդիրներ ունի երկրորդ երեխա ունենալու հետ:

Հարկ է նշել, որ անպտղության բուժումը շատերի համար մատչելի չէ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի պնդմամբ, ժողովրդագրական խնդիրներ ունեցող Հայաստանը չի կարող հանդուրժել այդ իրավիճակը:

Հայրապետյանի խոսքով` վերջին տարիների ծնելիության աճը իրականում ծնունդների աճ է, որն ապահովվել է անցյալ դարի 80-ականներին ծնված սերնդի` վերարտադրության տարիք մտնելու շնորհիվ:

«Չլինի այդ թերըմբռնումը, որ Հայաստանում ծնելիությունը բարձրացավ: Չի բարձրացել: Բարձրացել է ծնունդների բացարձակ թիվը: Ոնց վերջին 20 տարում 1.5 երեխա է ծնում մեկ վերարտադրողական տարիքում գտնվող կինը, նույնպես շարունակվում է», - հայտարարեց նա:

Հետազոտությունները վկայում են, որ Հայաստանում անպտղության պատճառներից մեկը սեռավարակներն են: Հայրապետյանի համոզմամբ, պետական ոչ մեծ ներդրումների պարագայում այս դեպքերը, որոնք մեծամասնություն են կազմում, հնարավոր է բուժել. - «Տեխնիկապես դա բավականին դյուրին է իրականացնել այն առումով, որ գոյություն ունի որոշակի ցանկ սեռավարակների, որոնք հանգեցնում են անպտղության: Եթե հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի այն մարդկանց բուժումը, ում մոտ հայտնաբերվել են այդ հիվանդությունները, որոնք ամուսնացած են եւ անպտղության խնդիր ունեն, իրականցվի պետական ռեսուրսներով, սա կարող է բավականին պակասեցնի երկրորդային անպտղությունը Հայաստանում»:

«Անպտղությունը, իհարկե, շատ կարեւոր հարց է, սակայն պետք է դրան անդրադառնալ` եթե կան միջոցներ դրա համար: Բնակչության բոլոր խավերի համար, դժբախտաբար, այսօր դեռեւս այդ հնարավորությունները չկան: Բայց մենք հույս ունենք բյուջեի ավելացման հետ անպայման այդ հարցին անդրադառնալ», - հայտարարեց Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG