Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին եւ Իվանիշվիլին հանդիպեցին


Միխեիլ Սաակաշվիլիի եւ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը Վրաստանի նախագահի նստավայրում, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Միխեիլ Սաակաշվիլիի եւ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը Վրաստանի նախագահի նստավայրում, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.

Երեքշաբթի օրը Թբիլիսիում կայացավ Վրաստանի նախագահի եւ «Վրացական երազանք»-ի առաջնորդի առաջին հանդիպումը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

Հավլաբարում գտնվող նորակառույց նախագահական պալատում Միխեիլ Սաակաշվիլիի եւ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը մեկնարկեց կեսօրին` մոտ մեկ ժամ ուշացումով, եւ տեւեց ընդամենը 40 րոպե:

Գործող նախագահից եւ ապագա վարչապետից բացի, հանդիպմանը մասնակցում էին նաեւ դեռեւս գործող կառավարության մի շարք անդամներ ու Իվանիշվիլիի թիմի առանցքային դերակատարներ, ինչպես, օրինակ, ապագա փոխվարչապետ Իրակլի Ալասանիան:

Սաակաշվիլին` թիմակիցների հետ միասին, քաղաքական հակառակորդներին դիմավորեց նախագահական պալատի մուտքի մոտ։ Իվանիշվիլին եւ Սաակաշվիլին` մռայլ տեսքով, առանց ժպիտների, կարճ ձեռքսեղմում փոխանակեցին եւ հեռացան հանդիպման: Դեմքի նույն արտահայտությունը Վրաստանի երկու ամենաազդեցիկ գործիչները պահպանեցին նաեւ հանդիպումից հետո: Իվանիշվիլիի եւ Սաակաշվիլիի հնչեցրած հայտարարությունների տոնայնությունը, սակայն, շատ ավելի լավատեսական էր, քան քաղաքական երկու թիմերում տիրող տրամադրությունները:

«Առաջին անգամ այս տարածաշրջանում իշխանության խաղաղ փոխանցում է տեղի ունենում: Վրաց ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, եւ մենք հարգում ենք այն: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մի շարք առանցքային հարցերում մեր եւ մեր ընդդիմախոսների միջեւ տարակարծությունները պահպանվում են: Բայցեւայնպես, ես` որպես երկրի նախագահ եւ Սահմանադրության երաշխավոր, միանշանակորեն խոստանում եմ, որ իշխանության հանձնումը կանցնի առանց միջադեպերի», - հայտարարեց Սաակաշվիլին:

Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հատուկ նշեց, որ մի խնդրում «Վրացական երազանք»-ն ու Սաակաշվիլիի թիմը տարակարծություններ չունեն. խոսքը արտաքին քաղաքականության մասին է:

«Արտաքին քաղաքականության ասպարեզում մեր տեսակետները համընկնում են: Մեր ռազմավարությունը եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումն է: Կգա մի օր, երբ մենք կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ», - հայտարարեց Իվանիշվիլին` հատուկ ընդգծելով, որ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն աննախադեպ էր երկրի ողջ պատմության ընթացքում:

«Մենք ապացուցեցինք, որ քաղաքակիրթ, քաղաքավարի ազգ ենք: Մեր կոալիցիան կարողացավ իշխանափոխության հասնել ժողովրդավարական ճանապարհով` արժանապատիվ կերպով պատասխանելով մեր ընդդիմախոսների անարժան պահվածքին», - ասաց Իվանիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG