Մատչելիության հղումներ

«Ինչպե՞ս են կարգավորվելու վրաց - ռուսական հարաբերությունները»


Վրաստան - Փորձագետ Կախա Գոգոլաշվիլին Թբիլիսիում հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, արխիվային լուսանկար

Վրաստան - Փորձագետ Կախա Գոգոլաշվիլին Թբիլիսիում հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, արխիվային լուսանկար

Վրաց փորձագետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանում է Վրաստանի նոր կառավարության հռչակած արտաքին քաղաքական ուղեգիծը։

Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած Վրաստանի նոր կառավարությունը փորձելու է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն պարզ չէ, թե ինչպես է այդ արվելու, եթե միեւնույն ժամանակ Իվանիշվիլին հայտարարում է, որ եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի գիծը չի փոխվելու: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թբիլիսիում գործող Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (GFSIS) ավագ փորձագետ Կախա Գոգոլաշվիլին:

Երեկ հրապարակվեց Վրաստանի կառավարության նոր կազմը: Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է Իվանիշվիլին: Արտգործնախարարի պորտֆելը հանձնվեց Մայա Փանջիկիձեին, ով արդեն իսկ հայտարարել է, թե Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի` միաժամանակ հավելելով, որ նոր կառավարությունը զբաղվելու է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։

«Վրաստանի արտաքին քաղաքականությունում միակ ուղղությունը, ուր փոփոխություն է սպասվում, հարաբերություններն են Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է եվրատլանտյան ինտեգրացիային, ապա այս ուղղությամբ, ինչպես բազմիցս հայտարարել է Իվանիշվիլին, մտադրություն կա շարունակել այն գիծը, որը տարվում էր Սահակաշվիլիի կառավարության կողմից», - նշեց Կախա Գոգոլաշվիլին` շարունակելով. - «Չնայած մենք դեռ պետք է տեսնենք, թե իրականում ինչ տեսք կունենա [Իվանիշվիլիի] արտաքին քաղաքականությունը, բայց, ինչպես ասացի, հայտարարությունների մակարդակով Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնությունները չեն փոխվի` ինտեգրացիան եվրատլանտյան կառույցներում: Ուստի, այստեղ հարց է առաջանում, թե այդ պարագայում ինչպես են կարգավորվելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվայի համար անընդունելի է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունը: [Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Դմիտրի] Մեդվեդեւը անգամ հայտարարեց, թե 2008 թվականի օգոստոսի պատերազմի նպատակներից մեկն էր դեպի Արեւելք, [Հարավային] Կովկաս ՆԱՏՕ-ի առաջխաղացման կասեցումը»:

Ըստ վրաց փորձագետի` Ռուսաստանի հետ հարաբերություններից է կախված նաեւ Վրաստանի տարածաշրջանային քաղաքականությունը։

«Վրաց - ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը պայմանավորված է [հարավկովկասյան] էներգետիկ, առեւտրային միջանցքի զարգացմամբ: Եվ այստեղ, այս միջանցքի առկայությունը ակնհայտ հակասության մեջ է մտնում Ռուսաստանի շահերի հետ, որը ցանկանում է պահպանել իր առանձնահատուկ դերը` որպես Եվրոպային գազ ու նավթ մատակարարող: Այստեղ նույնպես շատ կարեւոր հարց է առաջնում` կհաջողվի՞ արդյոք Իվանիշվիլիին բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու միաժամանակ կենսունակ պահել այդ խոշոր ծրագրերը», - ընդգծեց Կախա Գոգոլաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG