Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 9-ի մամուլ


«ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «Ուշագրավ է, որ իր նախագահական նկրտումների մասին Օսկանյանն առաջին անգամ բացեիբաց հայտարարեց հենց իրեն մեղադրանք առաջադրելու օրը` այդպիսով, փաստորեն, էլ ավելի թեժացնելով այս գործընթացի ԲՀԿ-ի բառապաշարով ասած` «քաղաքական կոմպոնենտը»: Հարցն այն է, սակայն, թե արդյո՞ք այդ հայտարարությունը նա արել է ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանի հետ համաձայնեցնելով, թե՞ հերթական անգամ առաջ է ընկել ԲՀԿ-ից` իր հայտարարություններով ծանր կացության մեջ դնելով հարազատ կուսակցությանը: Հիշենք, որ դեռ ԲՀԿ-ի մարտին կայացած համագումարից սկսած` Օսկանյանը մշտապես հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնցով այսպես թե այնպես ԲՀԿ-ին դրել է անհարմար վիճակի մեջ: Սակայն միեւնույն ժամանակ` նաեւ այնպես է արել, որ կուսակցությունն ուզած-չուզած` ստիպված է եղել գոնե մասամբ հետեւել իր նախանշած լուծումներին»:

Թեման շարունակում է «Ժամանակ»-ը.- «ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը համառորեն խուսափում է որեւէ անհատական հայտարարություն անել Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ: Օսկանյանին արդեն պաշտոնապես ներկայացվել է մեղադրանքը, Ռոբերտ Քոչարյանն արդեն արտահայտել է իր մոտեցումը, իսկ ահա Օսկանյանի կուսակցապետ Գագիկ Ծառուկյանը համառորեն լռում է: Ի դեպ, հիշարժան է, որ երբ նոր–նոր էր սկսել Օսկանյանի գործը, Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե պատրաստ է միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների աջակցություն ապահովել Վարդան Օսկանյանի համար բայց, մենք այսօր տեսնում ենք, որ անգամ այս հարցում Ծառուկյանը չի շտապում: Այս ամենի մեջ կա մի հետաքրքրական սպասում: Գագիկ Ծառուկյանը կարծեք թե որոշել է մի քիչ էլ հետեւել Օսկանյանի գործի ընթացքին՝ հասկանալու համար, թե արդյոք այս ամենում ծուղակ չկա՞ անձնապես իր համար: Այսինքն, ԲՀԿ-ի առաջնորդի համար միգուցե մտավախություն կա, որ Վարդան Օսկանյանն իրականում իր համար պատրաստված «խայծ» է, որով իշխանությունը պատրաստվում է ավելի մեծ ձուկ, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանին որսալ: Համենայնդեպս այն, որ Ծառուկյանն ամեն կերպ փորձում է լռություն պահպանել այս գործում, բավական հետաքրքրական է»:

«Առավոտ»-ի խմբագիրը բխեցնում է. - «Ստացվում է, որ ՀՀԿ-ի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է (դա ակնհայտ է առանց որեւէ վերլուծության), ՀԱԿ-ինը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ինը՝ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Եթե մոտակա երեք ամիսներին որեւէ արտառոց բան տեղի չունենա, ապա նախագահի հիմնական թեկնածուները կլինեն այս չորս գործիչները: Եթե այդպես լինի, ապա, ինձ թվում է, նրանց մրցակցությունը կլինի ավելի խաղաղ, հանդարտ եւ, կարելի է ասել, «դասական», քան երբեւէ եղել է նախորդ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ: Արդեն ասել եմ, որ այդ չորս գործիչներից ոչ մեկից ես վտանգ չեմ զգում: Որովհետեւ նրանք, շատ տարբեր լինելով, ադեկվատ, հոգեկան լուրջ շեղումներ չունեցող մարդիկ են»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը տարակուսում է, որ քաղաքական ուժերը հապաղում են իրենց թեկնածուների անունները հրապարակելու հարցում` գրելով. - «Քաղաքական դաշտի «հիմնական խաղացողները» լավ չեն անում, որ հասարակությանն անորոշության մեջ են պահում` հայտարարելով, թե «սահմանված ժամկետներում» կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Հասկացանք, որ օրենքը թույլ է տալիս թեկնածություն առաջադրելու մասին հայտարարել ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, բայց մի՞թե քաղաքական ուժերը պատասխանատու են միայն օրենքի առաջ, մի՞թե հասարակության առջեւ որեւէ պարտավորություն չունեն: Հայաստանից օրական արտագաղթում է միջին հաշվով 350-400 մարդ: Նրանք արտագաղթում են, որովհետեւ չգիտեն` արժե՞ հույս ունենալ, որ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի, թե՞ չարժե: Պարզ ասած` այս ձգձգումները, սեթեւեթանքներն ու քաղաքական պոզաներ ընդունելը պահպանում են անորոշությունը, հետեւաբար` պահպանում են նաեւ արտագաղթի տեմպերը: Մարդիկ պիտի իմանան` փետրվարին ինչ-որ բան փոխելու շանս կա՞, թե՞ չկա, որպեսզի կողմնորոշվեն` մնո՞ւմ են, թե՞ գնում: Մի ուրիշ հարց էլ կա: Ենթադրենք` «օրենքով սահմանված ժամկետը» վրա հասավ, եւ անսպասելիորեն պարզվեց, որ, ասենք, Կոնգրեսը բոյկոտում է նախագահական ընտրությունները (հաստատ պատճառներ կգտնվեն): Բայց եթե նման բան կա, հասարակությունը պիտի նախապես իմանա այդ մասին, որպեսզի հասցնի կամ համախմբվել որեւէ նոր ուժի շուրջ, կամ ինչ-որ նոր շարժում ձեւավորել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG