Մատչելիության հղումներ

Մեկ տարի անց շահագործման կհանձնվի 400 դատապարտյալի համար նախատեսված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին հատվածը:

ՔԿՀ-ի կառուցման ողջ գումարը հատկացվել է պետբյուջեից` 3.5 միլիարդ դրամ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` միջազգային կառույցները ձեռնպահ են մնում նման աշխատանքներին օժանդակելուն:

ՔԿՀ-ների կառուցմամբ համեմատաբար կլուծվի բանտախցերում գերծանրաբեռնվածության հարցը: Նախարարի խոսքով` այդ ուղղությամբ լուրջ խնդիր կա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Անցած տարվա համաներումից հետո գերծանրաբեռնվածության հարցն, ըստ նախարարի, էականորեն նվազել է:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ պարբերաբար բարձրաձայնում են քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի մասին: Այն, որ քրեակատարողական հիմնարկներում 5-ից ավելի, անգամ 10 հոգի են բնակվում մեկ խցում, Հրայր Թովմասյանը չի հերքում:

«Գերծանրաբեռնվածության հարցը մասամբ կլուծվի, եթե մի շարք հանցակազմեր ապաքրեականացվեն», - նշեց նախարարը:

Այս պահին Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվում է 4785 դատապարտյալ եւ կալանավոր:

Արդարադատության նախարարից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում Վարդան Օսկանյանին՝ «Սիվիլիթասի» գործում որպես մեղադրյալ ներգրավելու փաստին:

«Պրոցեսներ են գնում, միգուցե հետո կգնա դատարան: Դատավորի վիճակում ձեզ դրեք եւ հասկացեք: Դուք հասկանո՞ւմ եք դրանից հետո այդ դատավորի վիճակը: Ցավոք սրտի, կամ ի ուրախություն, ես սովորական քաղաքացի կամ փորձագետ չեմ: Իմ մեկ ասածը կարող է ազդեցություն ունենալ դատավորների եւ նախաքննության վրա, ուստի ես ոչինչ չեմ ասում», - ասաց Հրայր Թովմասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG