Մատչելիության հղումներ

Քաղաքացիական շարժումների երեք ներկայացուցիչները դիմել են դատարան` պահանջելով «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` վիրավորելու համար, ինչպես նաեւ հերքել իրենց բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունները:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմել են «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանը, Հրանուշ Խառատյանը եւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Դավիթ Սանասարյանը: Դատարան դիմելու պատճառը Ֆրանսիայում լույս տեսնող Les Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում նախկին պատգամավորի հնչեցրած վիրավորական արտահայտություններն են:

Հայցվորները իրենց հայցադիմումներում վկայակոչում են Հայրապետյանի հայտնի հարցազրույցում առկա հետեւյալ արտահայտությունները` «Գարեգին Չուգասզյանն ո՞վ է, Ռոբերտ Քոչարյանի շնիկը», «այ ճիճու», «ոհմակ են», «վարձու մարդիկ», «մինչեւ մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքները իմ ձեռքը կրակն են ընկնելու», «իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են», «դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա» եւ այլն:

Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դատարան դիմելու անհրաժեշտությունը պայմանավորեց մինչ այդ Ռուբեն Հայրապետյանին ներկայացրած իր առաջարկի կապակցությամբ որեւէ արձագանք չստանալով:

«Ասացի, թող Ռուբեն Հայրապետյանը տեղ եւ ժամ ասի, ինքը չգիտեմ ոնց ընդունեց այս ամեն ինչը, ես գնալու էի, նախ իրեն ապացուցելու էի, որ ինքը բոբո չէր, որ իրենից պետք է մարդիկ վախենան, շաքարով հիվանդանան: Ես նաեւ իրեն հնարավորություն էի տալու, որ ոչ թե դատարանի պարտադրմամբ ներողություն խնդրի, այլ ուղղակի գնայի, նստեի, ու ինքը իր ասածների համար ներողություն խնդրեր: Բայց ինքը չօգտվեց այդ հնարավորությունից, պատասխան չստացա: Ես դա ընդունեցի որպես մերժում: Հիմա տեղն ու ժամը դատարանը կասի, թե որտեղ է ինքը ներողություն խնդրելու», - ասաց Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանի, Գարեգին Չուգասզյանի եւ Հրանուշ Խառատյանի լիազոր ներկայացուցիչ Մհեր Արշակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հայցվորները զբաղվում են հասարակական գործունեությամբ եւ դատարան դիմելով փորձում են ապացուցել, որ հասարակության մեջ չկան արտոնյալներ:

Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է վիրավորանքի դեպքում նաեւ նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով փոխհատուցում, իսկ զրպարտության դեպքում` նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում: Սակայն տվյալ դեպքում հայցվորները նախընտրել են գումարային պահանջներ չներկայացնել:

«Իմ վստահորդները գումարային պահանջ չեն ներկայացրել, քանի որ դրանով նրանք նաեւ փորձում են Ռուբեն Հայրապետյանին ապացուցել, որ գումարի մեջ չէ խնդիրը: Եթե հիշում եք, Հայրապետյանը Սամվել Ալեքսանյանի եւ Լեւոն Սարգսյանի հետ միասին բավականին մեծ գումարային հայցապահանջ ներկայացրեցին «Հայկական ժամանակ»-ի դեմ», - ասաց Արշակյանը:

Ներողություն կխնդրի՞ արդյոք Ռուբեն Հայրապետյանը: Այսօր փորձեցինք նրանից ստանալ այս հարցի պատասխանը: Սակայն նա բավականին ջղային արձագանքեց, երբ իմացավ, որ իրեն զանգահարողը լրագրող է, ապա անջատեց հեռախոսը: Հայրապետյանի խորհրդական Արայիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայրապետյանի փաստաբանը դատարանին կհայտնի դիրքորոշում այս հայցերի վերաբերյալ, իսկ մինչ այդ խորհրդականը նախընտրեց ոչինչ չհրապարակել:

Հայրապետյանը նման իրավիճակներում ներողություն արդեն խնդրել է: Մասնավորապես, «Հարսնաքար»-ի դեպքից մեկ շաբաթ անց, բողոքի ակցիաների ժամանակ, երբ Հելսինկյան ասոցիացիայի գրասենյակի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը մտել էր «Հարսնաքար»-ի տարածք, Ռուբեն Հայրապետյանը նրան նախ ապտակել էր, իսկ ժամեր անց ներողություն խնդրել` անձամբ զանգահարելով նրան:

Իսկ ապրիլին` նախընտրական քարոզարշավի ժամանակ, բավականին մեծ արձագանք էր ստացել «Արմնյուզ»-ի եթերում հնչեցրած Ռուբեն Հայրապետյանի ներողությունը` թիվ 1 ընտրատարածքում այն ժամանակ պատգամավորության թեկնածություն առաջադրած Գայանե Առուստամյանից: Նա, մասնավորապես, ասել էր. - «Ես գտնում եմ, որ ավելի լավ է՝ իրար չվիրավորենք, եթե ինչ-որ մի բան այնպես չի ստացվել, կոնկրետ ես պատրաստ եմ ընդունել: Եթե սխալ արտահայտություններ կանեմ, կվիրավորեմ, պատրաստ եմ ներողություն խնդրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG