Մատչելիության հղումներ

logo-print

Բողոքի ակցիա` ընդդեմ միասեռականների մասին ֆիլմի ցուցադրության


Ազգայնականները բողոքում են Բելգրադում գեյ-շքերթի անցկացման դեմ, հոկտեմբերի 10, 2010

Ազգայնականները բողոքում են Բելգրադում գեյ-շքերթի անցկացման դեմ, հոկտեմբերի 10, 2010

«Հայազն» միությունը եւ մի շարք այլ քաղաքացիներ երկուշաբթի օրը բողոքի ակցիա կանցկացնեն Գերմանիայի դեսպանատան առջեւ` ընդդեմ Տիկնիկային թատրոնում միասեռականների մասին պատմող Parada ֆիլմի ցուցադրության:

Parada-ն («Շքերթ») սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001 թվականին ավարտվել էր բռնությամբ:

Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է կազմակերպել նաեւ Հայաստանի պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 15-16-ին: Սա զայրացրել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից «Հայազն» միության կենտրոնական վարչության անդամ Արմեն Մկրտչյանին:

«Այսպիսի հաստատությունում այդպիսի ակցիա կազմակերպելը առաջին հերթին մեր համար մանկապղծություն է», - ասում է Մկրտչյանը:

Այս առիթով «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածել` ասելով, թե այս աղմուկը ծառայում է հասարակությունն իրական խնդիրներից շեղելուն:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Խուրշուդյանը հաստատեց իր կարծիքը:

«Հազարավոր մարդիկ, որոնք նույնիսկ տեղյակ չէին, որ այսպիսի ֆիլմ կա, հիմա ոչ միայն տեղյակ են, այլ հենց թեկուզ հետաքրքրասիրությունից դրդված նայեցին: Ինձ համար ակնհայտ է, որ որոշ ուժեր օգտագործելով տարբեր պատեհ-անպատեհ առիթներ, փորձում են հակաեվրոպական աղմուկ բարձրացնել եւ դրանով հարվածել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին», - ասաց նա:

Այսօրվա ակցիային կմասնակցի նաեւ բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նրա կարծիքով` միասեռականության հետ կապված որեւէ հարց կամ քարոզ կատարել անչափահասների համար նախատեսված տիկնիկային թատրոնում բացարձակ սխալ է ու սադրանք: Բլոգերի հավաստմամբ` եթե ֆիլմը որոշեին ցուցադրել մեկ այլ տարածքում, ոչ տիկնիկայինում, աղմուկն այս չափերի չէր հասնի:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե ակցիայի կազմակերպիչները փորձեն անառողջ աղմուկ ստեղծել, ֆիլմը կարող է եւ չցուցադրվի: Բաբայանը նշեց, որ տիկնիկային թատրոնում բացի տիկնիկային ներկայացումներից կազմակերպվում են նաեւ մեծամասշտաբ միջոցառումներ, իսկ այս ֆիլմի ցուցադրության համար ուղղակի տարածք է տրամադրվել Գերմանիայի դեսպանատան ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախաձեռնության շրջանակներում:

«Եթե մարդը միասեռական չէ, միասեռականությունը իրեն հաճույք չի պատճառում: Մենք սրանով իսկ դարձնում ենք միասեռականությունը արտակարգ գայթակղիչ բան», - նշեց Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG