Մատչելիության հղումներ

«Հանրապետությունը» չի բացառում Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը


Սուրեն Աբրահամյան

Սուրեն Աբրահամյան

Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունը դեռ չի որոշել` առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով կմասնակցի, թե կսատարի առաջադրվածներից որեւէ մեկին: Այս մասին լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության անդամ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը` չբացառելով, որ այդ թեկնածուն կարող է լինել նաեւ Սերժ Սարգսյանը:

«Եթե դիլեմայի առաջ կանգնած լինենք… երբ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ արենա, իր ամբողջ տեսքով` առանց ականջների, այն ժամանակ դա մտածելու խնդիր կդառնա», - հայտարարեց Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով` դեռեւս պարզ չէ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրվի՞, թե` ոչ: Կուսակցությունում այժմ իրավիճակն են ուսումնասիրում, մարզային հանդիպումներ են անցկացնում, որոնք կշարունակվեն մինչեւ նոյեմբերի վերջ:

«Բոլոր պարագաներում ենք մենք ակտիվ լինելու, մի դեպքում դա կարող է սեփական թեկնածուով լինի, մյուս դեպքում կարող է մեկին սատարելու եղանակով», - ասաց «Հանրապետության» ներկայացուցիչը:

Աբրահամյանը չի հավատում, որ Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները իրական են, ասում է` «հրաշալի ռեժիսորի հրաշալի աշխատանք է», որի արդյունքում Սերժ Սարգսյանը առանց ցնցումների կարող է երկրորդ անգամ նախագահ դառնալ: Ըստ Աբրահամյանի` հակամարտում են իշխանական երկու թեւեր, որի ֆոնին ժողովուրդը մոռացել է ընդդիմության մասին:

«Երբ արդեն Ռոբերտ Քոչարյանի հանգամանքն էլ ավելի առարկայական տեսք ընդունեց` հատկապես նրա քնքուշ եւ փխրուն հայտարարությունից հետո, այստեղ պարզ դարձավ, որ նույնիսկ մարդիկ, որոնք դժգոհ են իշխանություններից եւ որպես նախագահ` Սերժ Սարգսյանի թեկնածությունից..., համոզված եմ` երկրորդ փուլ է լինելու, որ ասեն` չարիքի փոքրագույնը սա է», - ասաց Աբրահամյանը:

Աբրահամյանին կասկածելի է թվում նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի պահվածքը: Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկումներին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես չմասնակցեց, ԲՀԿ-ական պատգամավորներն էլ անկեղծ չպաշտպանեցին իրենց ընկերոջը:

«Վերջին հաշվով իրենց 2-րդ համարի համար այդպես են կռվո՞ւմ… Պիտի գնային նստացույց անեին, տրիբունան գրավեին, չթողնեին… բա իրենց երկրորդ համարին են տանում: Մի հատ սուր ելույթ չհնչեց», - ասաց Աբրահամյանը:

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը չցանկացավ խոսել ՀԱԿ-ի մասին, ասաց` ՀԱԿ-ի մասին կամ լավը, կամ ոչինչ:

Անդրադառնալով իշխանափոխության հնարավորություններին` Աբրահամյանն ասաց, թե Հայաստանում դասական ձեւով իշխանափոխություն հնարավոր չէ անել:

«Ապրի Սաակաշվիլին, երկիրը շենացրեց, դրանից հետո էլ ինչ կուլտուրա մտցրեց: Եթե այստեղ այդ քաղաքական կամքը չլինի, ապա ժողովրդական լայն զանգվածների ճնշման ներքո [է հնարավոր իշխանափոխություն]», - ասաց նա` հավելելով, թե երկիրն այն վիճակում չէ, որ ավանդական ձեւերով կառավարելը արդյունք տա, ուստի ինքն այլ մեթոդների կողմնակից է. - «Ինձ հարցնում են` ձեռքը սեղանին խփելով Սերժ Սարգսյանը հարցեր կլուծի՞, թե` չէ: Ամեն ինչ բարձիթողի վիճակում է, սեղանին չպիտի խփի ձեռքը, մի քանի գլուխը պիտի ջարդի»:
XS
SM
MD
LG