Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք առաջադրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ:

Մինչ այդ իր հիմնադրած «Սիվիլիթաս»-ի` փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում Օսկանյանը որպես վկա էր անցնում:

Երկուշաբթի կեսօրից ԱԱԾ-ում շուրջ մեկ ժամ գտնվելուց հետո Օսկանյանն ու նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը ծառայության շենքի առջեւ հավաքված լրագրողներին տեղեկացրեցին, որ մեղադրանք առաջադրվել է Քրեական օրենսգրքի 179 եւ 190 հոդվածներով, խափանման միջոց չի ընտրվել:

179 հոդվածով ներկայացված մեղադրանքը` «Յուրացնելը կամ վատնելը», կարող է պատժվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի առնվազն 300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի: Իսկ 190 հոդվածի համար` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը», նախատեսված է պատիժ` ազատազրկում 2-5 տարի ժամկետով:

Օսկանյանի փաստաբանը ԱԱԾ-ում տիրող մթնոլորտը բնորոշեց որպես «աշխատանքային»:

«Պարոն Օսկանյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց հրաժարվել է», - ասաց Աթանեսյանը` հավելելով, որ իրենց չեն ասել, թե հաջորդ անգամ երբ են հրավիրվելու ԱԱԾ:

Անցած շաբաթ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը եւ Վարդան Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչը ԱԱԾ-ին հնարավորություն տվեց նրա նկատմամբ մեղադրանք առաջադրել: Սակայն մեղադրանք ներկայացնելը ԱԱԾ-ին դեռեւս իրավունք չի տալիս ձերբակալել, կալանավորել Օսկանյանին, եթե այնտեղ նման որոշում կայացվի:

«Պատգամավորին կարող են ձերբակալել, եթե նրան բռնում են հանցագործություն կատարելու պահին, իսկ խափանման միջոց կալանք կիրառելու համար պետք է առանձին միջնորդագրով դատախազը դիմի Ազգային ժողովին», - մանրամասնեց Օսկանյանի փաստաբանը:

Վարդան Օսկանյանը իր հերթին նշեց, թե իր կարգավիճակի փոփոխությունը, երբ հարուցված քրեական գործի շրջանակում ինքը վկայից դարձավ մեղադրյալ, ունի քաղաքական ենթատեքստ եւ ցույց է տալիս իշխանությունների նպատակը մեծացնել ճնշումը իր ու ԲՀԿ-ի նկատմամբ:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք մտադի՞ր է առաջադրվել նախագահական ընտրություններին, Օսկանյանը պատասխանեց. - «Դեռեւս այդպիսի որոշում չկա»:

Օսկանյանի գործի կապակցությամբ անցած շաբաթ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, թե տեղի ունեցողը իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդում է: Մտահոգություն հայտնեց նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը` հույս հայտնելով, որ «Օսկանյանի գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով»:

Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ ոչ մի քաղաքական հետապնդում չկա: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորական անձեռմխելիությունից զրկվելով` Օսկանյանը հնարավորություն ստացավ ապացուցել իր անմեղությունը:
XS
SM
MD
LG