Մատչելիության հղումներ

«Հավանական է` երկուշաբթի կամ երեքշաբթի օրվանից մենք դիմում կգրենք եւ դուրս կգանք», - կիրակի օրը հայտարարեց Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Ելույթ ունենալով Գյումրիում տասներորդ անգամ նշվող Քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ` Ղուկասյանն ասաց. - «Քանի որ ես հավատք ունեցող անձնավորություն եմ եւ մի քանի եկեղեցիներ կառուցող, չեմ ուզում ասել, թե ով ոնց ընտրվեց եւ ինչ եղավ»։ Նա, միաժամանակ, ցանկություն հայտնեց, որ Աստված «նոր քաղաքապետին իմացություն տա»:

Ղուկասյանի հրաժարականի դեպքում առաջիկա օրերին Գյումրիի քաղաքապետի պաշտոնը կստանձնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, ով հաղթել է քաղաքապետի սեպտեմբերի 9-ի ընտրություններում։ Այդ ընտրություններում Վարդան Ղուկասյանը չէր առաջադրվել։

«Այս 13 տարիների ընթացքում, որ ինձ հարցնեն, թե ինչ արեցիր, առաջին խոսքը ես կասեմ, որ քաղաքապետարանի եւ բնակչության մեջ, ղեկավարի, չինովնիկի եւ ժողովրդի միջի անդունդը մենք վերացրեցինք եւ սիրով լցրեցինք», - իր ելույթում նշեց Ղուկասյանը:

Գործող քաղաքապետը պաշտոնավարելու էր մինչեւ նոյեմբերի 12-ը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, նրան պարտադրվել է ժամկետից շուտ դիմում գրել ու հեռանալ: Ղուկասյանը այս առնչությամբ թղթակիցների հարցին որեւէ որոշակի պատասխան չտվեց` ասելով, որ լրագրողներն ավելի լավ կիմանան:

Լրագրողների մեկ այլ հարցի` արդյոք 4 տարի անց քաղաքապետ առաջադրվելու միտք ունի՞, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. - «Հոգեպես հիմա չեմ ուզում պետական կառույցում աշխատել, որովհետեւ լրատվության դավը, խարդավանքները ինձ ավելի հիասթափեցրեց: Այ էս ձեր չորրորդ իշխանությունը եւ էն սատանեքը, որոնք մշտական ճշմարիտ գործի թշնամիներ են»:

Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազի ընտրանու եւ Շերամի գրքերի շնորհանդեսը, որոնք լույս են տեսել Գյումրիի քաղաքապետի հովանավորությամբ:

Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Ավետիք Իսահակյանի թոռանը՝ Ավիկ Իսահակյանին եւ աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանին, ով արմատներով Գյումրիից է:

Քաղաքի Սլաբոդկա թաղամասում էլ բացվեց Պոլոզ Մուկուչի արձանը:

Տոնակատարությանը մշտապես մասնակցել են պետության ղեկավարները` նախագահը, Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը: Այս տարի, սակայն, միայն տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն էր եկել:
XS
SM
MD
LG