Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը 60 տարեկան է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, սեպտեմբեր, 2012թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, սեպտեմբեր, 2012թ.
Թեեւ 60 տարեկան է, սակայն լավ ֆիզիկական վիճակում է, մարզվում է ամեն առավոտ, մտածում է շարքային ռուսաստանցիների մասին, վայելում է նրանց աջակցությունը, ընդդիմությանը անլուրջ է վերաբերվում. սա Վլադիմիր Պուտինի մասին է։ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը НТВ հեռուստաընկերությունը մեծ ռեպորտաժ հեռարձակեց Պուտինի մասին։

Ռեպորտաժում Ռուսաստանի նախագահը խոսեց ընդդիմությունից, Pussy Riot-ից, Խոդորկովսկուց, Վրաստանի ընտրություններից եւ պատմեց, թե ինչպես է սկսում իր օրը։

Ընդդիմության եւ, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնու մասին Պուտինը ասաց, որ «եթե մարդն առաջնորդի հավակնություններ ունի, ուրեմն` պետք է ինչ-որ բան անի, պետք է ապացուցի, որ ինչ-որ բանի ունակ է»։ «Մի բան է` քննադատել, թեկուզեւ` արդարացի քննադատել, մեկ այլ բան` ինչ-որ կառուցողական օրակարգ առաջարկել», - նշեց Ռուսաստանի նախագահը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ ընդդիմության շարքում ի հայտ կգան լուրջ մարդիկ` լուրջ օրակարգով։

Պուտինը հայտարարեց, որ առանձնակի ուշադրությամբ չի հետեւում իր վարկանիշին` կարեւորը իր ներքին զգացումն է. - «Կարեւորը` որ ես զգամ, թե ամեն ինչ ճիշտ եմ անում։ Ինձ համար կարեւոր է, թե ինչպես են մարդիկ արձագանքում իմ արածներին, եւ ոչ միայն մտավորականները, այլ նաեւ հասարակ ռուս ժողովուրդը` ռուսաստանցիները»։ Նա համոզված է, որ ռուսաստանցիների մեծ մասը աջակցում է իշխանություններին եւ իրեն` որպես նախագահի։

Վլադիմիր Պուտինը հայտարարեց նաեւ, թե ժամանակը կգա` եւ ինքը հանգիստ կթողնի իշխանությունը։ «Ես հանգիստ կհեռանամ, ինչպես հեռացել էի 2008-ին եւ ամբողջ իշխանությունը փոխանցել էի իմ ժառանգորդին` Մեդվեդեւին», - ասաց նա։

Անազատության մեջ գտնվող ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու մասին հարցին պատասխանելով` Պուտինը հայտարարեց, որ թող Խոդորկովսկին իրեն` որպես նախագահի, ներման խնդրանքով դիմի, ինքը հնարավորը կանի օրենքի սահմաններում։ «Պետք է, որ Խոդորկովսկին դիմի։ Սա խնդրի կարգավորման տարբերակներից մեկն է», - ասաց Ռուսաստանի նախագահը։

Խոդորկովսկին բազմիցս հայտարարել է, որ ներման խնդրանքով երկրի իշխանություններին չի դիմի, քանի որ իրեն մեղավոր չի համարում։

Պուտինը խոսեց նաեւ աշխարհով մեկ մեծ աղմուկ բարձրացրած Pussy Riot փանք ռոք խմբի անդամների դատավճռի մասին` ասելով, մասնավորապես, թե այդ դատավճիռը արդարացի է համարում։

Pussy Riot-ի երեք անդամներ օգոստոսին երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում «փանք աղոթք» կատարելու համար, որով խնդրում էին Աստվածածնին վռնդել Պուտինին։

Երեկ հեռարձակված ռեպորտաժում չկային կադրեր ոչ Ռուսաստանի առաջին տիկնոջ, ոչ էլ Պուտինի զավակների մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG