Մատչելիության հղումներ

«Ցեղասպանության 100-ամյակը պետք է տարբերվի նախորդ տարելիցներից»


California Courier-ի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյան
California Courier-ի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյան
Հայոց ցեղասպանության 100-ամյակը պետք է տարբերվի նախորդ տարելիցներից։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱՄՆ-ում լույս տեսնող California Courier թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։

«100-ամյակի առիթով ոչ թե ճանաչում պետք է պահանջենք, այլ փորձենք ստանալ արդարություն», - մանրամասնեց նա` նկատի ունենալով այն հանգանանքը, որ ցեղասպանությունը
ճանաչել են շատերը, եւ արդեն ժամանակն է փոփոխելու մոտեցումները:

«Իմ կարծիքով, ցեղասպանության ճանաչումը ընդհանրապես արդեն ունենք։ Մենք մեծ առաջխաղացում ենք արձանագրել վերջին մի քանի տասնամյակներին, եւ 20-ից ավելի երկրներ ճանաչում են, միջազգային կազմակերպություններ ճանաչում են, Եվրոպական պառլամենտը ճանաչել է, ՄԱԿ-ը ճանաչել է, հարյուրավոր Հոլոքոսթի եւ Ցեղասպանության մասնագետներ, պատմաբաններ ճանաչել են, ամերիկյան կառավարությունը ճանաչել է, թեեւ շատերը անտեղյակ են, որ ճանաչել է, անընդհատ փորձում են Ամերիկային ճանաչել տալ` մի բան, որ արդեն տեղի է ունեցել, բայց մենք անտեղյակ ենք, դժբախտաբար», - ընդգծեց ամերիկահայ լրագրողը։

«Մեզ համար պետք է լրիվ երկրորդական լինի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, հենց այսօր պետք է սկսենք մեր իրավունքները տանել դատարան», - ասաց California Courier-ի հրատարակիչը` շարունակելով. - «Եվ դատարանը ասի, որ մինչեւ որ ոճրագործը չընդունի իր հանցանքը, մենք չենք կարող դատ անել... Ուրեմն, անկախ, թե ոճրագործը կընդունի իր մեղքը թե ոչ` մենք մեր իրավունքները կպահանջենք դատարանով։ Ուրեմն, Թուրքիայի ճանաչումը երկրորդական-երրորդական է։ Մենք 100 տարի անցկացրել ենք` սպասելով, որ Թուրքիան ճանաչի։ Մենք կարող ենք 500 տարի եւս սպասել, եւ եթե Թուրքիան երբեք չճանաչի, մենք կասենք` ուրեմն, մենք բան չենք կարող անել, պետք է սպասենք այդ օրվան։ Եվ թուրքերը, իմանալավ դա, երբեք չեն ճանաչի... »։

«Բոլոր հայերը սերնդեսերունդ փոխանցում են սխալ տեղեկություններ, որ երեք փուլերը անցնող պահանջներ ունենք` ճանաչում, հատուցում ու վերադարձ, թուրքերն էլ սովորել են մեզանից», - նշեց նա` մանրամասնելով, թե ամենեւին էլ կարեւոր չէ ցեղասպանությունը ճանաչելուց հետո՛ հասնել արդարության` փոխհատուցում պահանջելով թուրքական կառավարությունից։

«Նախ, սպանել են մեկուկես միլիոն հայի, սպանվածներին, անշուշտ, չենք կարող վերադարձնել կյանքի, բայց կարող ենք այդ սպանվածների համար հատուցում պահանջել` միջազգային դատարաններով, Մարդու իրավուքնների եվրոպական դատարանով եւ այլ` ազգային դատարաններով։ Սպանվածներից բացի, մենք կորցրել ենք մեր ազգային պատմական հողը` Արեւմտահայաստանը, պետք է պահանջենք վերադարձը այդ հողերի` որպես ազգային պահանջատիրություն։ Հազարավոր, հարյուր հազարավոր հայեր կորցրել են իրենց տները, իրենց հողատարածքները, իրենց փողերը, բանկային հաշիվները։ Նաեւ մենք կորցրել ենք 2 հազար 500-ից ավելի եկեղեցիներ, որոնց մի մասը կործանվել են, մի մասը բռնագրավվել են, վերածվել են մզկիթի եւ այլն։ Այդ բոլորը պետք է վերականգնվեն որքան որ կարելի է` դատարանների միջոցով, բանակցությունների միջոցով, միջազգային ճնշումների միջոցով», - ասաց Հարութ Սասունյանը։

California Courier-ի խմբագիրը Սփյուռքի հեղինակավոր լրատվամիջոցների շուրջ ինը տասնյակ ներկայացուցիչների թվում այս օրերին Հայաստանում մասնակցում էր Սփյուռքի նախարարության
նախաձեռնած Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Սասունյանը համաժողովին ելույթ է ունեցել ցեղասպանության ու սիրիահայերին առնչվող թեմաներով:

Նա ծագումով սիրիահայ է` Հալեպից է: Համաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է լրագրողներին: Այդ ժամանակ էլ Սասունյանը վարչապետին առաջարկել է առավել հակամարգված օգնություն ցուցաբերել սիրիահայերին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը նվիրելով այս խնդրի լուծմանը: Այդ կապակցությամբ վարչապետը հայտնել է, որ պետության ղեկավարից արդեն ստացվել է նման հանձնարարական։ Այժմ հարցը քննարկվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։

«Իմ առաջարկն է, որ մենք օգտակար լինենք` թե՛ նրանք, որոնք մնում են Սիրիայում, եւ թե՛ նրանք, որ դուրս են եկել։ Չվիճենք, որ պետք է դուրս գան, չպետք է դուրս գան, անենք, չանենք, եւ այլն, ոչ էլ հիմա նստենք եւ վիճենք, թե ինչու այս չեն անում, այն չեն անում։ Շատ հստակ է, որ հսկա պահանջ կա իրենց կարիքների, որեւէ մեկը չի զբաղվում։ Որոշ բաներ արվում են, անշուշտ, որոշ սփյուռքահայ բարեսիրական կազմակերպություններ փորձում են օգնություն ուղարկել` փոքր գումարներ, Հայաստանի կառավարությունը որոշ օրենքներ, դյուրացումներ արել է, բայց այն, ինչ արվել է մեր բոլորի կողմից` Հայաստանի եւ Սփյուռքի կողմից, շատ փոքր է, անբավարար է, եւ ես առաջարկում եմ, որ շատ ավելի մեծ մասշտաբով` ոչ թե մեկ-երկու միլիոն դոլար հատկացնելով բոլորս միասին, այլ տասնյակ միլիոններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդգծեց ամերիկահայ լրագրողը։

Սասունյանը անդրադարձավ նաեւ Ադրբեջանին, մասնավորապես` մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցին, հայտարարելով. - «Ադրբեջանը այս բանը անելով մեզ մի մեծ պարգեւ տվեց, մեզ օգնեց, որ ամբողջ աշխարհը տեսնի, թե իրենք ինչ տեսակի մարդիկ են, եւ այս տեսակի մարդկանց ներքո, ոճրագործների մի համակարգի ներքո արցախահայությունը չի կարող տեղավորվել»։

«Ուրեմն, հարցը հետեւյալն է` ո՞նց կարող եք դուք համոզել արցախահայերին, որ այսպիսի մտայնությամբ` ռասիստ, ոճրագործ, կացնավոր մարդկանց եւ իրենց ղեկավարների լծի տակ, իշխանության տակ արցախահայերը ապրեն։ Ահավասիկ, լավագույն օրինակը, թե ինչու արցախահայությունը չի կարող Ադրբեջանի իշխանության մաս կազմել, Ադրբեջանի տարածքի մաս կազմել։ Ուրեմն, հետեւաբար, Արցախի հայությունը պետք է որ ինքնիշխան լինի, անկախ լինի Ադրբեջանից։ Եվ սա պետք է տարածենք աշխարհով մեկ», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Հարութ Սասունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG