Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելեց Շիրակի մարզ


Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Շիրակի մարզ իր այցը սկսեց Գյումրիում կառուցվող Տեխնոպարկի շինարարությունից:

Շենքը կառուցվում է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի միջոցներով` 1 միլիարդ 670 միլիոն դրամ: Ինչպես լրագրողներին ասաց Գյումրու զարգացման հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնիկյանը, շինարարները երկու ամսով առաջ են ընկել հաստատված ժամանակացույցից:

«Ի ուրախություն մեզ` արագ տեմպերով շինարարական աշխատանքները ընթանում են, բարձր որակով», - պատասխանտուների հետ փակ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ շենքը մյուս տարի կհանձնվի շահագործման:

Հաջորդ կանգառը Մարալիկում էր, որտեղ այսօր շահագործման հանձնվեց սոցիալական թաղամասը` 3 շենք, 59 բնակարան: Շահառուները, հիմնականում մանկատան սաներ են, միայնակ ծերեր: Վարչապետն ու նրան ուղեկցող պաշտոնյաները շրջեցին բնակարաններից մի քանիսում, շնորհավորեցին նորաբնակներին:

«Մենք Մարալիկում առաջին անգամ հանձնում ենք շահագործման սոցիալական բնակարանային ֆոնդ: Դա մեր կառավարության նոր նախաձեռնությունն էր: Հետագայում այս փորձը մենք տարածելու ենք նաեւ այլ մարզերի վրա», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո, երբ կառավարությունը խիստ քննադատության ենթարկվեց նաեւ կոռուպցիոն դրսեւորումների համար` վարչապետը արձագանքեց. - «Մենք սկսել ենք ավելի կոշտ պայքար: Եթե նախկինում բավարարվում էինք նկատողություններով, բավարարվում էին նրանով, որ մարդիկ վերականգնում էին պետության հասցրած վնասները, այս փուլում արդեն մեր պատիժները լինում են ավելի խիստ` մարդիկ հեռացվում են աշխատանքից, քրեական գործեր են հարուցվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG