Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն շարունակում է քննադատել կառավարության գործունեությունը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է պետական բյուջեի 2011 թվականի կատարողականի հաշվետվությանը` այն տեսքով, ինչպիսին հավանության արժանացավ Ազգային Ժողովում:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշման հիմքերը: Վկայակոչելով բյուջեի հետ խարսխված այլ օրենքներ եւ նորմատիվային ակտեր` Մելքումյանն ասաց. - «Կառավարությունը ի վիճակի չէ մեկ տարվա կտրվածքով կանխատեսել իր այն անելիքները եւ այն չափաբաժինները, որոնք կարող է ապահովել»:

Նա օրինակ բերեց միջնաժամկետ պետական ծախսերի 2011- 2013 թվականների ծրագիրը. - «Հստակ գրված է, որ կառավարությունը փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում պետք է 2011 թվականին ստեղծեր շուրջ 15 հազար նոր փոքր եւ միջին ձեռնարկություններ` շուրջ 21 հազար աշխատատեղերով, որը իրականություն չի դարձել: Ավելին` 3 տարվա ընթացքում նա պետք է լրացուցիչ ստեղծեր 50 հազար նոր փոքր եւ միջին ձեռնարկություններ` 70 հազար աշխատատեղերով, նույնպես իրականություն չի դառնում»:

ԲՀԿ-ն շարունակում է քննադատել կառավարության իրականացրած քաղաքականությունը:

«Ճիշտ է, կան դասագրքային ճշմարտություններ, որ իրականացվում են: Սակայն մեր պրակտիկ կյանքում այդ բարեփոխումների որակը, տնտեսական աճի որակը չի զգացվում», - նշեց պատգամավորը` հայտարարելով. - «Մենք 2011 թվականի կառավարության գործունեությունը գնահատում ենք խիստ անարդյունավետ եւ անբավարար»:

Հիշեցնենք, անցած շաբաթ Ազգային ժողովում քննարկվեց եւ հավանության արժանացավ 2011 թվականի բյուջեի կատարողականը: ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել էր քառօրյայի աշխատանքները` կապված իրենց կուսակից պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հետ: Ի դեպ, մասնակցելով բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը` ԲՀԿ-ն հնարավորություն ուներ անվստահություն հայտնել կառավարությանը:

Հարցին, թե ինչու չօգտվեցին այդ հնարավորությունից, Միքայել Մելքումյանը պատասխանեց. - «Մենք քննարկեցինք եւ գտանք, որ պահի մեր որոշումը` բոյկոտելու, շատ ավելի ծանրակշիռ էր, արդիական էր, քան այն, որ գայինք եւ մասնակցեինք: Դեռեւս հնարավորություններ կունենանք ապագայում»:

Արձագանքելով հարցին, թե ինչ է ակնկալում ԲՀԿ-ն` քննադատելով կառավարությանը, պատգամավորն ասաց, թե «հեղափոխական» նպատակներ չունեն. - «Մենք ասում ենք, որ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը լուրջ պրոբլեմներ ունի, եւ մենք պետք է ուղղակի շտկենք եւ նոր քաղաքականություն պետք է իրականացնել»:

ԲՀԿ խմբակցությունը, Մելքումյանի փոխանցմամբ, դեռ չի քննարկել Ազգային ժողովի հետագա քառօրյա նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցը:
XS
SM
MD
LG