Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 6-ի մամուլ


«168 ժամ»-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը, անդրադառնալով Ազգային ժողովում «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրի քվեարկությանը, որի ժամանակ կողմ էին քվեարկել ՀԱԿ խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, ասել է. - «Թե ինչու են կողմ քվեարկել, երեւի իրենց հարցնեք: Բայց ես՝ որպես ՀԱԿ քաղաքական խորհրդի անդամ, գտնում եմ, որ սխալ են վարվել: Նախ, պետք է փատաթուղթը քննարկվեր քաղխորհրդում, որովհետեւ որոշում ենք ընդունել, որ օրենսդրական նախաձեռնությունները, փաստաթղթերը, որոնք աշխարհաքաղաքական բնույթի են, պետք է ներկայացվեն ու քննարկվեն դաշինքի խորհրդում: Փաստորեն` շրջանցվել է քաղխորհրդի որոշումն ու քվեարկել են այնպես, ինչպես իրենք ցանկացել են»: Հարցին` Դուք դե՞մ էիք արձանագրության ընդունմանը, Մակեյանը պատասխանել է. - «Մենք կողմ ենք մեր Հանրապետության պետականության անկախությանը: Կարծում եմ, ովքեր կողմ են քվեարկել, դեմ են քվեարկել անկախությանը»:

«Հայոց Աշխարհ»-ը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին հարցնում է. - «Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելը հստակություն կմտցնի՞ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, կցրի՞ ընտրությունների նախօրեին քաղաքական դաշտում պահպանվող անորոշությունը»։ Պատասխան. - «Անորոշության պատճառն այն է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, չեն կարողանում համաձայնության գալ։ Հասկանալի է, որ կան ճնշումներ ԲՀԿ-ի նկատմամբ, եւ նախկին արտգործնախարարի գործն ընդամենը դրանցից մեկն է։ Պարզ է նաեւ, որ այդ ճնշումներն առ այսօր արդյունավետ չեն եղել։ Ընտրություններին մի քանի ամիս է մնացել, եւ ժամանակն է կողմնորոշվել, բայց արի ու տես, որ հիմնական քաղաքական ուժերը դեռ չեն կողմնորոշվում։ Ի՞նչ է ուզում Հանրապետականը՝ բոլորի համար պարզ է. ճեղքել «Բարգավաճի» դիմադրությունը եւ ստանալ նրա աջակցությունը նախագահական ընտրություններում։ Եթե հաջողվի՝ լավ, եթե ոչ՝ ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը կպահպանվի ընդհուպ մինչեւ նախագահական ընտրություններ՝ դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով»։

«Առավոտ»-ը ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է. - «Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քվեարկության ժամանակ ինչո՞վ էր պայմանավորված, որ Դուք պարբերաբար զանգեր էիք կատարում եւ ՀՀԿ պատգամավորներին «բերման ենթարկում» քվեարկության»: Պատասխան. - «Որեւէ մեկը բերման չի ենթարկվել: Մենք լավ գիտեինք՝ ովքեր են բացակայում, նրանք, ովքեր գործուղումների մեջ էին՝ պիտի չլինեին, ովքեր հիվանդ էին՝ պիտի չլինեին: Ինչ որ սկզբում եղել է՝ մինչեւ վերջ էլ այդքանը ապահովել ենք: Իհարկե, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Եթե վտանգներ ենք տեսնում, բնականաբար, արժե համախմբել, բայց սա այդ դեպքը չէր»:

Նույն հարցի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է պատգամավոր Մկրտիչ Մինասյանի (ՀՀԿ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Բյուջեի կատարողականն էլ մի կերպ հաստատեցիք, այն էլ ՕԵԿ 6 պատգամավորների օգնությամբ, բայց ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն գերլարել էր բոլոր ուժերը պատգամավորներին խորհրդարան բերելու ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, ամեն անգամ ձեզ կհաջողվի՞ դա կրկնել, եթե ԲՀԿ-ն որոշի բոյկոտել քվեարկությունները, իսկ մյուս խմբակցություններն էլ միանան»: Պատասախան. - «Գիտեք ինչ, մենք ուղղակի սովոր ենք, որ քաղաքական մեծամասնությունը երեք անգամ ավել լինի, ավելի շատ: Աշխարհում այդպես չի, աշխարհում ընդամենը 3-5 ձայնով մի ֆրակցիան մյուսից մեծամասնություն է կազմում եւ հենց այդ սկզբունքով էլ աշխատում է: Այնպես որ, նորմալ է, որ մենք կազմակերպված աշխատենք: Հաշվի առեք, որ մենք ունենք 75 պատգամավոր (ՕԵԿ-ականներին նույնպես հաշվում եմ, իհարկե, մարդիկ կոալիցիայի անդամներ են)»: Հարց. - «Այսինքն ընդունում եք, որ ԲՀԿ-ի բոյկոտը բարդացրել է ձեր գործը»: Պատասխան. - «Ես չասացի՝ բարդացել է, ասացի՝ ավելի հավաք, կազմակերպված պետք է լինենք»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Քոչարյանի հայտարարությունը [Օսկանյանի գործի կապակցությամբ] ըստ էության նրա քաղաքական դիրքերի զգալի թուլացման նշան էր, որն արտահայտվում էր նաեւ ՀՀԿ-ի հանդեպ նեղացածության եւ հիասթափության դրսեւորումով: Նա փաստորեն զրկվել է ՀՀԿ-ում որեւէ հենարանից, ինչի վկայությունն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանին այդպես էլ չհաջողվեց խորհրդարանական քվեարկության ընթացքում որեւէ խնդիր առաջացնել Սերժ Սարգսյանի համար՝ օգտագործելով ՀՀԿ մեծամասնության մեջ, այսպես ասած, յուրայիններին: Այս իսկ պատճառով Ռոբերտ Քոչարյանը իր հիասթափությունն է հայտնում, որովհետեւ պարզվում է, որ ՀՀԿ-ում նա այլեւս յուրային չունի, եւ խորհրդարանական այդ բացարձակ մեծամասնությունը իսկապես Սերժ Սարգսյանի մեծամասնությունն է: Իսկ Քոչարյանի հույսը հենց այդ մեծամասնության մեջ յուրայինների գոյությունն էր, որովհետեւ որքան էլ ԲՀԿ-ն ուժեղ լինի, հարուստ լինի, որքան էլ շատ ընտրազանգված ունենա, միեւնույն է, Հայաստանում իշխանության խնդիրը նա չի կարող լուծել առանց ներիշխանական խարդավանքների եւ ինտրիգների: Ռոբերտ Քոչարյանը շատ լավ է ճանաչում իր իսկ ամրագրած կառավարման համակարգը եւ գիտի, որ, առանց խարդավանքի, ոչինչ հնարավոր չէ այդ համակարգի դեմ: Իսկ այդ գործում ՀՀԿ-ում նրան պետք էին յուրայիններ, որոնք իքս պահին կարող էին թողնել Սերժ Սարգսյանին եւ անցնել Քոչարյանի կողմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG