Մատչելիության հղումներ

logo-print

Զինվորի ծնողները բացառում են ինքնասպանության վարկածը


Մնացական Մնացականյանի լուսանկարը

Մնացական Մնացականյանի լուսանկարը

Բանակում խաղաղ պայմաններում մահացած 18-ամյա Մնացական Մնացականյանի ծնողները բացառում են պաշտոնական վարկածը, ըստ որի, իրենց որդին ինքնասպան է եղել զորամասում` կախվելու միջոցով:

«Ինքը էդ էրեխեն չէր…, առողջ, առանց հոգեկան պրոբլեմի էրեխեն էդ քայլին ո՞նց կգնար: Ուժեղ էր, հաստատուն էր, վստահ էր, տղամարդկային շատ լավ գծեր ուներ, կոտրվող չէր, ենթարկվող չէր, կուլ գնացող չէր, երեսին ասող էր: Միգուցե դա էլ հանգեցրեց սրան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց այս տարվա հունիսի 27-ին Արմավիրի մարզի Գայ գյուղից բանակ զորակոչված զինվորի մայրը` Մարինե Մնացականյանը:

Մնացական Մնացականյանը մահացել է հոկտեմբերի 1-ին: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինվորի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: Պաշտպանության նախարարության Քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս պահին դեռեւս չկա որեւէ ձերբակալված անձ:

Զինվորի հայրը` Թորգոմ Մնացականյանը, եւս ասում է, որ իր որդին թույլ մարդ չէր, որպեսզի ինքնասպանություն գործեր:

«Նման քայլի գնում է թույլ մարդը, բայց իմ տղան չորս ամիս Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում է սովորել: Եթե առողջության հետ պրոբլեմ ուներ, ո՞նց էր ընդունվել Մոնթե Մելքոնյան», - ասում է հայրն ու ավելացնում. - «Ծուխս մարեց»:

Ծնողները պատմում էին, որ 18-ամյա տղան երեք ամիս առաջ բանակ է գնացել հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով եւ մեծ սիրով: Օգոստոսի վերջին զինծառայողը ինքնակամ լքել էր զորամասը: Հիմա որդեկորույս ծնողները վերլուծում են տղայի հետ հեռախոսային զրույցները, ի մի բերում նրա տրամադրությունները:

«Էդ օրը զանգել էր, ինքը երեւի լցված էր, զանգեց, որ իմ հետ խոսի: Ես զգացի, որ շնչառությունը արագ է, հարցրեցի` դրսո՞ւմ ես, որտե՞ղ ես, ասաց` դրսում եմ, գնում եմ քնեմ, ուղղակի քունս չէր տանում, զանգեցի: Ու առավոտյան էդ լուրն եկավ, որ փախել է: Երեւի ինչ-որ բան էր ուզում ասել, չկարողացավ, ռիսկ չարեց ասի: Պապան ո՞ւր է, պապան ո՞նց է` սենց հարցեր էր տալիս: Ինքը ինչ-որ բան էր ուզում ասել…», - ասում է մայրը:

Մնացականյանները տարակուսանքով են խոսում զորամասի ներկայացուցիչների ստուգողական այցերի մասին Գայ գյուղ: Մոր խոսքով` փորձել են ճշտել, թե արդյոք զինվորը սիրած աղջիկ ունեցե՞լ է, թե` ոչ:

«Իրենք ճշտել են, որ սիրած աղջիկ չունի. իրականում չունի», - ասաց մայրը:

Ստեփանավանի զորամասում զինվորի հարազատներին հայտնել են, որ նա գրություն է թողել, սակայն հարազատները չեն տեսել այդ գրությունը: Հարազատներին ասել են, որ Մնացականը գրել է հետեւյալը. - «Մամ ջան, պապ ջան, ներող կլինեք, սրա մեջ ոչ մեկին մի մեղադրեք, ես ձեզ համար լավ ժառանգ չեղա»:

Ծնողները չեն հավատում, որ նման գրություն կա: Նրանք հիմա հարցեր են ուղղում տղային բանակ զորակոչելուց մեկ շաբաթ անց Ստեփանավանի զորամասի հրամանատարի եւ նրա տեղակալի ստորագրությամբ իրենց հասցեագրված նամակի ձեւակերպումների վերաբերյալ: Այդ նամակում, մասնավորապես, գրված է, որ զինծառայողների կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում են օրենքով:

«Ես ամբողջ երկրի ղեկավարությանը, պաշտպանության նախարարությանն եմ ասում. թո'ղ պարզեն` ինչից է եղել, չէ՞ որ իրենց զինվորն է», - ասում է հայրը:

Իրավապաշտպանները նշում են, որ Ստեփանավանի զորամասում նախկինում նման դեպքեր չեն արձանագրվել: Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի տվյալներով` այս տարի արդեն յոթ զինվորի մահվան դեպքի կապակցությամբ պաշտոնական մարմինները առաջ քաշել ինքնասպանության վարկածը:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խուսափեց պաշտոնական վարկածով ինքնասպանության դիմած զինվորների թիվը հրապարակելուց` ասելով, թե դա «նուրբ հարց է»:
XS
SM
MD
LG