Մատչելիության հղումներ

Թուրքիան արտոնեց իր զինուժի գործողությունները Սիրիայի տարածքում


Թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին, 4-ը հոկտեմբերի, 2012
Թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին, 4-ը հոկտեմբերի, 2012
Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ համաձայնություն տվեց ռազմական գործողություններ իրականացնել երկրի սահմաններից դուրս, եթե կառավարությունը տեսնի դրա անհրաժեշտությունը։

Այսպիսով առաջիկա մեկ տարվա ընթացքում Թուրքիայի կառավարությունն իրավասու է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում։ Միեւնույն ժամանակ պաշտոնական Անկարան հայտարարում է, որ մտադիր չէ պատերազմ հայտարարել Սիրային: Վարչապետ Ռեջեփ Էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Կալինն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է քաղաքական նախաձեռնությունները ճգնաժամը հարթելու ուղղությամբ։

Մինչ այդ, սակայն, ավելի քանի 18 ամիս շարունակվող սիրիական խռովությունների ընթացքում առաջին անգամ Թուրքիան այսօր արդեն իսկ կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ։ Թուրքական ռազմական ուժերը հրետանային հարվածներ են հասցնում՝ անպատասխան չթողնելով չորեքշաբթի թուրք-սիրական սահմանի երկայնքով սիրիական ուժերի իրականացված գրոհը, որի հետեւանքով Թուրքիայի հինգ քաղաքացիներ զոհվեցին։ Ռմբակոծությունը սահմանամերձ Աչկալե քաղաքի ուղղությամբ էր, զոհերի թվում երկու կանայք եւ երեք երեխաներ էին։ Թուրքական NTV-ն հաղորդել է, որ այսօրվա ռմբակոծության թիրախը սիրիական սահմանից տասը կմ խորությամբ տեղակայված Թել Աբյադ շրջանն է։ Սիրիայից արդեն տեղեկություններ են ստացվում նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի շրջանում մի քանի զոհերի մասին։

Դամասկոսին ուղղված բավական կոշտ հայտարարություններով են հանդես եկել ՆԱՏՕ-ն եւ ՄԱԿ-ը՝ կոչ անելով հարգել հարեւանների տարածքային ամբողջականությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսնակ Մարտին Նեսիրկին հորդորել է Թուրքիային շարունակել երկխոսությունը Սիրիայի հետ:

«Գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել մարդկային ողբերգական կորուստների կապակցությամբ եւ կոչ արել Թուրքիային բաց պահել սիրիական իշխանությունների հետ երկխոսության բոլոր խողովակները թուլացնելու համար այն լարվածությունը, որ կարող է առաջանալ այս միջադեպի հետեւանքով», - ասել է Նեսիրկին:

Չորեքշաբթի ուշ երեկոյան կառույցի անդամ Թուրքիայի խնդրանքով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ՆԱՏՕ-ն: Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարություն է տարածել, որում շեշտել է, թե սատարում է իր դաշնակցին՝ կոչ անելով Սիրիային անհապաղ դադարեցնել ագրեսիվ գործողությունները Թուրքիայի նկատմամբ: Ակնկալվում է, որ Թուրքիայի պահանջով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ կգումարի։ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Մեծ Բրիտիանիան, Գերմանիան, Ֆրանսիան դատապարտել են Սիրիայի գործողությունները։ Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ էլ-Արաբին էլ զգուշացրել է, որ թուրք սիրիական սահմանի լարվածությունը տարածաշրջանի եւ աշխարհի կայունությանն ու խաղաղությանը վտանգավոր սպառնալիք է ենթադրում։

Իսկ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցը համարվող Մոսկվան կոչ է արել Դամասկոսին հայտարարել, որ հրաձգությունը պատահականության հետեւանքն էր եւ այլեւս չի կրկնվի։ Իսլամաբադում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե երկու կողմերն էլ պետք է առավել մեծ ջանքեր ներդնեն՝ լարվածությունը մեղմելու համար:

«Սիրիան մեզ վստահեցրել է, այդ թվում եւ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի բանագնաց Լահդար Բրահիմիի միջոցով, որ դա ողբերգական պատահականություն էր, եւ որ բոլոր միջոցները ձեռնարկվելու են, որպեսզի դա այլեւս չկրկնվի։ Կարեւոր ենք համարում, որ Դամասկոսը պաշտոնապես հայտարարի այս մասին», - ասել է Լավրովը։

Սիրիայից պաշտոնապես հավաստիացրել են, որ հետաքննում են միջադեպը ու ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG