Մատչելիության հղումներ

Փոխգնդապետ Վարդան Սամվելյանը դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման


Վարդան Սամվելյանը դատարանի դահլիճում, 25-ը սեպտեմբերի, 2012

Վարդան Սամվելյանը դատարանի դահլիճում, 25-ը սեպտեմբերի, 2012

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը այսօր դատապարտվեց չորս ամսվա ազատազրկման ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Դատարանը նաեւ Սամվելյանի նկատմամբ 200 հազար դրամի չափով տուգանք նշանակեց:

Երբ «Հարսնաքար»-ում դաժան ծեծից հետո հունիսի 29-ին հիվանդանոցում մահացավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը, մի քանի օր անց` հուլիսի 1-ին, փոխգնդապետը մեծ քանակությամբ զինամթերքով մուտք էր գործել «Հարսնաքար»: Մամուլը, անդրադառնալով այս միջադեպին, գրել էր, որ Սամվելյանը ցանկացել էր պայթեցնել «Հարսնաքար»-ը: Սակայն փոխգնդապետին մեղադրանք էր առաջադրվել ոչ թե «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձի, այլ ապօրինի զենք-զինամթերք պահելու, փոխադրելու եւ ապօրինի կերպով սառը զենք կրելու համար:

Մեղադրական եզրակացության մեջ որեւէ անդրադարձ չկար, թե ինչու է փոխգնդապետը գիշերը ժամը 2-ին իր հետ ռեստորանային համալիր տարել բեկորային նռնակ իր պայթուցիչով, տրոտիլային գլանակներ, փամփուշտներ, դետոնատոր եւ այլն: Միայն նշվեց, որ Սամվելյանը ծառայության ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ տարածքից գտնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել մարտական գործողությունների ժամանակահատվածից մնացած ռազմամթերք եւ դրանք տեղափոխել իրեն պատկանող ավտոտնակ: Այնուհետեւ հուլիսի 1-ին նա ավտոտնակից վերցրել է այդ ռազմամթերքը եւ դրանք ապօրինի տեղափոխել «Հարսնաքար» ռեստորան: Թե ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով, մեղադրողը չէր մանրամասնել: Քանի որ պաշտպանական կողմը միջնորդել էր արագացված դատաքննություն իրականացնել, դատարանում նույնպես այս հարցերին անդրադարձ չկատարվեց:

Դատավոր Արմեն Վարդապետյանը, Սամվելյանին դատապարտելով չորս ամսվա ազատազրկման, նշեց, որ դատարանը Սամվելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար եւ նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաներ: Ինչ վերաբերում է պատիժը ծանրացնող հանգամանքներին, ապա դատարանը նման բան չի արձանագրել:

Այսօր Վարդան Սամվելյանը, իր վերջին խոսքն ասելիս, կրկին ընդունեց իր մեղքը` ապօրինի զենք պահելու մասով:

«Միանշանակ ընդունում եմ իմ մեղքը, որ գտնելով ռազմամթերք, չեմ հանձնել համապատասխան մարմիններին: Հայցում եմ ձեր ներողամտությունը նրա համար, որ ես այդ ռազմամթերքով ոչ մի ֆիզիկական անձի, ոչ մի շինության վնաս չեմ տվել, ինչ վնաս էլ որ հասցրել եմ, հասցրել եմ իմ ընտանիքին եւ ինձ, որ գտնվում եմ ազատազրկման մեջ եւ կորցրել եմ իմ սիրած աշխատանքը», - ասաց նա:

Քանի որ Սամվելյանը անազատության մեջ է գտնվում հուլիսի 1-ից, նրա չորս ամսվա ազատազրկման ժամկետը կլրանա նոյեմբերին, հաջորդ ամիս փոխգնդապետը ազատ կարձակվի:

Հաշվի առնելով հենց այս հանգամանքը` փաստաբան Հովհաննես Հարությունյանն ասաց, թե պատժաչափի հետ կապված որեւէ բողոք չեն ներկայացնի:

Ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ է վերջիվերջո Սամվելյանը գնացել «Հարսնաքար», փաստաբանը ասաց. - «Ես ձեր հարցերին կոնկրետ պատասխանել չեմ կարող, քանի որ նման տեղեկատվություն չունեմ: Եթե լրատվական միջոցները ունեն նման ապացույցներ [որ Սամվելյանը ցանկացել է պայթեցնել «Հարսնաքար»-ը], կամ ժամանակին պետք է ներկայացնեին, կամ հիմա կարող են ներկայացնել համապատասխան նախաքննական մարմիններին` նոր քննություն կատարելու համար»:
XS
SM
MD
LG