Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը կաբինետ է ձեւավորում


Վրաստան - «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ասուլիսի ժամանակ, Թբիլիսի, 2-ը հոկտեմբերի, 2012թ.
Վրաստան - «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ասուլիսի ժամանակ, Թբիլիսի, 2-ը հոկտեմբերի, 2012թ.

«Վարչապետի մեր թեկնածուն Բիձինա Իվանիշվիլին է», - հայտարարել է ընտրություններում հաղթած դաշինքի խոսնակը։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանության եկած ընդդիմությունը արդեն աշխատանքային խումբ է ձեւավորել՝ առաջիկա նախարարական կաբինետը կազմավորելու եւ Սահակաշվիլիի` դեռեւս գործող վարչակազմի հետ աշխատելու համար։ Այդ մասին նախօրեին հայտարարել է «Վրացական երազանք»-ի մամուլի խոսնակ Մայա Փանջիկիձեն, ում խոսքով` ընդդիմադիր ճամբարում այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում ապագա կառավարության կազմի եւ խորհրդարանի ղեկավարի թեկնածության շուրջ։

«Անշուշտ, ամենակարեւոր խնդիրն այժմ խորհրդարանի խոսնակի ընտրությունն է, եւ մենք մեր կոալիցիայում արդեն ունենք որոշակի դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ։ Հետո կանցնենք կառավարության ձեւավորմանը. արդեն հայտնի է, որ վարչապետի մեր թեկնածուն Բիձինա Իվանիշվիլին է, մինչդեռ նախարարների անունները ավելի ուշ կհայտարարենք։ Այդ հարցը դեռ քննարկման փուլում է», - ասել է Փանջիկիձեն։

Փորձագետները փաստում են, որ ապագա կառավարության ձեւավորումը Իվանիշվիլիի դաշինքի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է լինելու։ «Վրացական երազանք»-ի կազմում վեց առանձին կուսակցություններ են ընդգրկված՝ միմյանցից տրամագծորեն տարբերվող դիրքորոշումներով՝ լիբերալներից մինչեւ ծայրահեղ ազգայնական։ «Մինչ օրս նրանց միավորում էր Սահակաշվիլիի վարչակազմը տապալելու եւ իշխանության գալու ցանկությունը, մինչդեռ հարց է՝ արդյոք նրանք բավականաչափ ուժեղ կլինե՞ն հետագայում եւս համագործակցելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է քաղաքագետ, Վրաստանի համալսարաններից մեկի պրոֆեսոր Գիա Նոդիան։ - «Հասարակական դժգոհության մոբիլիզացումը հնարավոր դարձավ միայն մեկ մարդու ֆինանսական կարողությունների շնորհիվ, որի քաղաքական ունակություններն ու շարժառիթները, սակայն, դեռեւս խորը կասկածների տեղիք են տալիս»։

Սեփական կենսունակությունը ապացուցելուց բացի` Իվանիշվիլիի դաշինքը նաեւ ստիպված է հաշվի նստել գործող նախագահ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ, որը թեեւ հաղթանակ չտարավ վերջին ընտրություններում, այդուամենայնիվ, դեռեւս լուրջ հասարակական աջակցություն ունի։ Եվ թերեւս դա է պատճառը, որ քվեարկության ավարտից հետո Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող Իվանիշվիլին այնուհետեւ սկսեց մեղմել պահանջներն ու խոսքերը։

«Մենք երկրում փակուղի ստեղծելու որեւէ ցանկություն չունենք», - պարզաբանում է «Վրացական երազանք»-ի խոսնակ Մայա Փանջիկիձեն։ - «Այս փուլում, առաջին հերթին, անհրաժեշտ է չխարխլել Վրաստանի սահմանադրական կարգն ու կառավարական մարմինների աշխատանքը։ Այսպես թե այնպես, մենք ստիպված ենք խոսելնախագահի հետ, ով այժմ ներկայացնում է ընդդիմությունը։ Եվ որպեսզի ամեն ինչ անցնի հարթ ու իշխանության փոխանցումը լինի կանոնավոր, մենք որոշել ենք հատուկ խումբ ձեւավորել, որը կաշխատի ներկայիս կառավարության անդամների հետ ու կքննարկի բոլոր սահմանադրական ճանապարհները»։

Վրաստանում իշխանության եկած «Երազանք»-ի ամենամեծ մարտահրավերը, սակայն, Ռուսաստանն է եւ հարաբերությունները Կրեմլի հետ` փաստում են փորձագետները։ Հիշեցնենք, որ միլիադատեր Իվանիշվիլին նախընտրական շրջանում եւ այժմ էլ հայտարարում է, թե ետ չի կանգնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհից, միեւնույն ժամանակ, փորձելու է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Մեզ հաճախ են ասում, որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանն անհամատեղելի են, սակայն ես կարծում եմ, որ մենք, ամեն դեպքում, կարող ենք ընդհանուր կետեր գտնել եւ ապացուցել, որ հնարավոր է հարաբերություններ զարգացնել երկուսի հետ էլ», - Forbes-ին տված հարցազրույցում ասել է միլիարդատեր, «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG