Մատչելիության հղումներ

Փոխգնդապետ Վարդան Սամվելյանը դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման


Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման: Դատարանը նաեւ Սավելյանի նկատմամբ 200 հազար դրամ չափով տուգանք նշանակեց:

Սամվելյանը, հիշեցնենք, հուլիսի 1-ին մեծ քանակությամբ զինամթերքով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մամուլը, անդրադառնալով այս միջադեպին, գրել էր, որ Սամվելյանը ցանկացել էր պայթեցնել «Հարսնաքար»-ը: Սակայն Սամվելյանը մեղադրվում էր ոչ թե «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձի, այլ ապօրինի զենք-զինամթերք պահելու, փոխադրելու եւ ապօրինի կերպով սառը զենք կրելու համար:

Պաշտպանական կողմը այսօր հայտարարեց, որ չի բողոքարկելու պատժաչափը: Քանի որ Սամվելյանը անազատության մեջ է գտնվում հուլիսից, նա ազատ կարձակվի նոյեմբերին:

39-ամյա փոխգնդապետը դատարանի դահլիճում հայտարարեց, որ միանշանակ ընդունում է իր մեղքը:

«Ես այդ ռազմամթերքով ոչ մի ֆիզիկական անձի, ոչ մի շինության վնաս չեմ տվել, ինչ վնաս էլ որ հասցրել եմ, հասցրել եմ իմ ընտանիքին եւ ինձ, որ գտնվում եմ ազատազրկման մեջ եւ կորցրել եմ իմ սիրած աշխատանքը», - ասաց նա:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG