Մատչելիության հղումներ

Արտգործնախարարության շենքը վաճառվեց


Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց վաճառել Կառավարության թիվ 2 մասնաշենքը, ուր տեղակայված է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ավելի քան 14 հազար քառակուսի մետր տարածքով անշարժ գույքը եւ հարակից հողամասը գործադիրը որոշեց վաճառել «Տանգո» ընկերությանը` 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ գնորդ ընկերությունը պարտավորվում է պահպանել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի արտաքին տեսքը:

Բացի այդ, «Տանգո» ընկերությունը Արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, պետք է իր միջոցներով կառուցի նոր շենք մինչեւ 2015 թվականի սեպտեմբերի 1-ը, որը պետությունը ձեռք կբերի վերոհիշյալ 51 միլիոն դոլարի մի մասով, եւ ուր, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, բացի արտգործնախարարությունից, կտեղակայվեն նաեւ Տարածքային կառավարման եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների, Սփյուռքի եւ Արդարադատության նախարարությունները:

Հավելենք, որ կառավարության այս տարվա հուլիսի 19-ի որոշմամբ Արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքը` մոտ կես հեկտար հողամաս, դարձյալ ուղղակի վաճառքի ձեւով օտարվեց նույն «Տանգո» ընկերությանը, որը, ի դեպ, շրջանառվող տեղեկության համաձայն, պատկանում է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Էռնեկյանին է պատկանում նաեւ «Կոնվերսբանկ»-ը ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը շահագործում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը: Նա Հայաստանում խոշոր նախագծեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում:

Արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքը «ազատվեց» 2008 թվականի փետրվարին այդտեղ բռնկված հրդեհից հետո:

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ արտգործնախարարության շենքը լինելու է հինգաստղանի հյուրանոց` «միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով»:

«Տանգո» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Արտաքին գործերի նախարարության շենքում կգործի նաեւ մշակութային կենտրոն:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը «Ազատություն» ռադիակայանի հետ զրույցում հարցին, թե ինչու որոշվեց վաճառել հենց այդ շենքը եւ հենց «Տանգո» ընկերությանը, պատասխանեց. - «Ուղղակի վաճառքի ձեւով օտարման որոշում է կայացվել, որովհետեւ ընտրվել է առաջարկություններից իսկապես լավագույնը»:

«Օրակարգ» պարբերականի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտահոգություն հնչեցրեց խնդրո առարկայի առնչությամբ. - «Կոռուպցիոն ռիսկեր կարելի է տեսնել: Իհարկե, օրենքը թույլ է տալիս տարբեր եղանակներով աճուրդ կազմակերպել, բայց ուղղակի վաճառքով նման կարեւորագույն շենք, որը պետական սիմվոլ է հանդիսանում, վաճառել մի ընկերության, արդեն մտահոգիչ է: Հարցն այն է, որ պետական խորհրդանիշը կառավարությունը վաճառում է` չքննարկելով հանրության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG