Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը եւ ՀՀԿ-ն ողջունում են Վրաստանի ընտրությունները


Վրաստան - «Վրացական երազանք»-ի կողմնակիցները տոնում են ընդդիմադիր դաշինքի հաղթանակը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում, Թբիլիսի, 2-ը հոկտեմբերի, 2012թ.

Վրաստան - «Վրացական երազանք»-ի կողմնակիցները տոնում են ընդդիմադիր դաշինքի հաղթանակը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում, Թբիլիսի, 2-ը հոկտեմբերի, 2012թ.

Արամ Մանուկյանը եւ Էդուարդ Շարմազանովը, սակայն, տարաձայնություններ ունեն Հայաստանում ժողովրդավարության մակարդակի հարցում։

Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «պատմական» է որակում Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթել է ընդդիմությունը։

«Սա ժողովրդավարության մեծ քայլ էր, շատ մեծ քայլ էր Վրաստանի համար։ Այնքանով էր դրական, որ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը լարված պայքարից դուրս եկան ձեռք սեղմելով։ Սա Վրաստանի ժողովրդի մեծագույն հաղթանակն էր, որովհետեւ ինքը ընտրեց առանց փողի եւ առանց փողի ընտրելով էր, որ ստիպեց երկու կողմերին էլ իրար ձեռք սեղմել», - «Ազատություն» Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան

ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանուկյանը։

«Այսինքն, ժողովուրդը իսկապես որոշեց իր երկրի ճակատագիրը` իր ազնիվ, արդար քվեարկելով, եւ հիմա ինքը էդ երկրի քաղաքացին է եւ պատասխանատու է իր ընտրած իշխանության համար, եւ իշխանությունն էլ հաշվետու է իրեն ձայն տվողի առջեւ։ Սա է քաղաքացիական հասարակությունը», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը` շարունակելով. - «Ընդ որում, չկարծեք, թե Վրաստանում սոցիալական առումով լավ վիճակ է` քաղաքացիական դրսեւորումն է շատ բարձր։ Եվ այնտեղ ոչ փող տվողը կա, ոչ էլ փող վերցնողը կա, եւ դրա համար էլ կոնֆլիկտ չկա։ Եթե փող բաժանեին Վրաստանում, ընդդիմությունը մեղադրելու էր իշխանությանը, իշխանությունը մեղադրելու էր ընդդիմությանը, եւ չէր լինի էն հանդուրժողականության ու ձեռք սեղմելու փաստը, ինչը կայացավ»։

Մանուկյանը հույս հայտնեց, որ Վրաստանի նախադեպը անպայման իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի եւ տարածաշրջանի մյուս երկրների վրա։

«Մի երկրում եթե 10 հազար դրամն է որոշում երկրի ճակատագիրը, էդ ձեւով ընտրված պատգամավորն էլ հաշվետու չէ իր ընտրողի առաջ, նախարարն էլ հաշվետու չէ պառլամենտի առաջ։ Այսինքն, հաշվետվության, էդ փոխադարձ զսպողության մեխանիզմները Հայաստանում չեն աշխատում, որովհետեւ 10 հազար դրամն է որոշել` ով լինի պրեզիդենտ, ով լինի պատգամավոր», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը։

«Իսկապես, ես ուրախ եմ, որ մեր հարեւան երկրում էդպիսի հաջողություն ունեցան։ Հիմա մի քիչ ավելի հեշտ կլինի Հարավային Կովկասում դեմոկրատացման, ազատականացման գործընթացներ իրականացնելը», - ամփոփեց ընդդիմադիր գործիչը։

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւս ողջունում է Վրաստանում կայացած ժողովրդավարական ընտրությունները: Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ անկախ նրանից` ընդդիմությունն է հաղթել, թե իշխանությունները, կարեւորն այն է, որ ընտրություններում արտացոլվել է ժողովրդի կամքը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ նախագահ Սաակաշվիլին, թե՛ պարոն Իվանիշվիլին, թե՛ քաղաքական սպեկտրի լայն շրջանակը հայտարարել են, որ ընտրությունները անցել են հիմնականում առանց խախտումների եւ ժողովրդավարական են, բնականաբար, մենք միայն դրական ենք գնահատում մեր հարեւան երկրում ժողովրդավարական զարգացումները։ Ինչքան տարածաշրջանը լինի ժողովրդավարական, ինչքան ժողովրդավարական լինեն քո հարեւան երկրի իշխանությունները, այնքան ավելի կանխատեսելի կլինի մեր հարաբերությունները նրանց հետ», - հայտարարեց Շարմազանովը։

Չհամաձայնելով Արամ Մանուկյանի պնդումներին` ՀՀԿ-ի խոսնակը կարծիք հայտնեց, որ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով

Հայաստանը ժողովրդավարության առումով ամենեւին չի զիջում Վրաստանին, եւ այն, որ մի քանի ամիս առաջ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող Հանրապետականը գերակշիռ մեծամասնություն ստացավ խորհրդարանում, չի վկայում ժողովրդավարության պակասի մասին։

«Ոչ միայն չի զիջում, այլ Հայաստանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, եւ ընդամենը այստեղ մեջբերեմ ե՛ւ նախագահ Օբամայի սեպտեմբերի 21-ի ուղերձից խոսքերը, որտեղ Հայաստանում ժողովրդավարության զարգացումն է երեւում, ե՛ւ պարոն [Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ] Մարտենսի գնահատականը մայիսի 6-ի ընտրություններից հետո, երբ նա նշեց, որ Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, եւ այդ խաղաղ ժողովրդավարության կառուցումը մեծապես կապված է իշխող Հանրապետական կուսակցության հետ», - ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով. - «Հիմա որ ժողովուրդը վստահում է Հանրապետականին` դրանում Հանրապետականի մեղավորությունը չկա»։
XS
SM
MD
LG