Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 4-ի մամուլ


«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - « Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը մի քանի իրողություններ արձանագրեց` մի կողմից` պատասխանելով մի շարք հարցերի, մյուս կողմից` առաջացնելով նոր հարցադրումներ։ Քոչարյանի հայտարարության առաջին արձանագրումն այն էր, որ նա Վարդան Օսկանյանին ավելի շատ է համարում իր թիմակիցը, քան Օսկանյանի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով մինչ օրս ոչ միայն որեւէ հրապարակային խոսք չի ասել իր քաղաքական ուժի երկրորդ դեմքը համարվող գործչի շուրջ կատարվող գործընթացների մասին, այլեւ ընդհանրապես հանրապետությունում չէ։ Մյուս կողմից, սակայն, Ռոբերտ Քոչարյանի հայտարարության բովանդակությունը ցույց տվեց, որ լայն իմաստով նա իրեն չի համարում (կամ փորձ է արվում այդպես ներկայացնել) Օսկանյանի դեմ կատարվող գործողությունների քաղաքական հասցեատերը։ Այդ հայտարարությունը, ըստ էության, ավելի շատ բարոյական, քան քաղաքական աջակցություն էր Վարդան Օսկանյանին»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հանրապետականը չհավատաց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ նա արեց Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա Քոչարյանի ձեռագիրը չէ, բնավորությունը չէ, լեքսիկոնը չէ: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հավատում Քոչարյանի հայտարարությանը: Ակնհայտորեն երեւում է, որ Քոչարյանն այդ հայտարարության մեջ ունենալով Սերժ Սարգսյանին հարվածելու լավ հնարավորություն, առիթ, հիմքեր, չի անում այդ բանը եւ սլաքն ուղղում է ընդամենը խորհրդարանականների կողմը: ՀՀԿ-ն, փաստորեն, հայտնվում է Ռոբերտ Քոչարյանի գլխավոր թիրախի դերում եւ այստեղ բնական է, որ հանրապետականների մոտ մտավախություն է առաջանում, որ կարող են գուցե դառնալ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր պայմանավորվածության զոհը: Մյուս ասպեկտն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը իր հայտարարության մեջ խնայելով Սերժ Սարգսյանին, նրան միգուցե ներկայացնում է հենց այդ առաջարկը՝ պայմանավորվել ՀՀԿ խմբակցության վրա եւ պարզապես այդ խմբակցությունը դարձնել ներկայիս ժամանակահատվածի զոհը, քանի որ երկուսն էլ, թերեւս, հասկանում են, որ առանց «զոհ» տալու՝ խոշոր «զոհ» տալու, համակարգը այս վիճակից դուրս չի գալու եւ է՛լ ավելի ծանր կացության առջեւ է հայտնվելու»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարցազրույց է տվել «Հայոց Աշխարհ»-ին: Լրագրողը հարցնում է. - « Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ է քվեարկել 6 հանրապետական պատգամավոր: Սա չի՞ նշանակում, որ Հանրապետականում միակարծություն չկա»: Պատասխան. - «Չեմ կարծում, թե այդ հարցի քվեարկության արդյունքներով է պետք դատել Հանրապետական խմբակցության միասնականության կամ միակարծության մասին: Իմ ելույթում նշեցի, նաեւ բազմաթիվ այլ պատգամավորներ տարբեր առումներով շեշտեցինք, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը զուտ իրավական հարթությունում է, եւ որեւէ քաղաքական երանգ չունի: Այո, եղել են նաեւ գլխավոր դատախազի միջնորդությանը դեմ քվեարկողներ, սակայն հենց այս փաստը հաստատում է, որ Հանրապետականում քաղաքական միասնություն է, բայց բոլորը կարող են ազատորեն արտահայտել իրենց դիրքորոշումներն ու կամքը»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում։ Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ եւ բազմապիսի գործոններ, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել եւ, հետեւաբար, ոչ մի վատ բան (առայժմ) չի հասցրել անել այդ երկրում։ Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տեւական ժամանակ չի ապրել։ Մնացած ընդդիմադիրների հետ, այսպես թե այնպես, կապված են տհաճ հիշողություններ, քանի որ նրանք ժամանակին իշխանության մաս էին կազմում եւ չէին կարողացել իրենց դրսեւորել որպես կատարելության մարմնավորումներ։ Նույնը Հայաստանում է։ Որքան էլ ցանկացած նախկին իշխանավոր իր կամ իր թիմի մասին ասի` մենք արդարամիտ էինք, արդյունավետ էինք, ազնիվ էինք եւ այլն, առաջին հերթին կասկած է առաջանում` իսկ կարո՞ղ է ընդհանրապես քաղաքական գործիչը եւ առավել եւս` իշխանավորը այդպիսին լինել։ Մանավանդ, երբ խոսքը ոչ թե Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի կամ Վացլավ Հավելի, այլ Ռոբերտ Քոչարյանի մասին է»։

«Օրակարգ»-ը հարցազրույց է հրապարակել Հարավային Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Լիզ Ֆուլլերի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս կարող են Վրաստանի ընտրություններն անդրադառնալ հայաստանյան 2013 թվականի նախագահական ընտրությունների վրա` հաշվի առնելով նմանությունները «Վրացական երազանք»-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ»: Պատասխան. - «Չեմ կարծում, որ պետք է չափից ավելի մեծ ուշադրություն հատկացնել Բիձինա Իվանիշվիլիի եւ Գագիկ Ծառուկյանի մակերեսային նմանություններին: Պարոն Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ը բավական երկար ժամանակ եղել են Հայաստանի քաղաքական պատկերի մասը: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանի միակ այլընտրանքը չեն: Մինչդեռ Իվանիշվիլին մեկ տարի առաջ հայտնվեց ոչ մի տեղից եւ սրընթաց դարձավ միակ իսկապես արդյունավետ եւ գրավիչ ընդդիմադիր ուժը: Այնուամենայնիվ, «Վրացական երազանք»-ի հաղթանակը մեսիջ է ուղարկում հայ ընտրողներին` իշխանության խաղաղ փոփոխությունը հնարավոր է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG