Մատչելիության հղումներ

logo-print

«Հարսնաքար»-ի գործով դատավարությունը կրկին հետաձգվեց


Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր եւս չհասավ «Հարսնաքար»-ի գործով դատաքննության փուլին: Հանրային հնչեղություն ունեցող քրեական գործը դեռ դատական նախապատրաստական փուլում է, թեեւ արդեն տեղի է ունեցել երեք նիստ:

Այսօր վեց ամբաստանյալներից մեկը` Արման Բաղդասարյանը հրաժարվեց Հովհաննես Հարությունյանի պաշտպանությունից: Վերջինս դատարանին մի գրություն էր հասցեագրել այն մասին, որ խզվել է իր եւ իր պաշտպանյալի միջեւ ստորագրված պայմանագիրը` պաշտպանության հետ կապված մարտավարական անհամաձայնության պատճառով:

Բաղդասարյանի նոր պաշտպանը` Վաղինակ Գեւորգյանը, դատարանից «ողջամիտ ժամկետ» խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավորը ողջամիտ համարեց մեկ շաբաթը` հաջորդ դատական նիստը նշանակելով հոկտեմբերի 10-ին, չնայած Գեւորգյանը հայտարարեց, որ չի հասցնի ուսումնասիրել գործը եւ հաջորդ նիստին անպատրաստ կգա:

Անցյալ դատական նիստը եւս հետաձգվել էր մեկ այլ ամբաստանյալի պաշտպանի` գործում ներգրավելու պատճառով: Նա եւս ժամանակ էր խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծի հետեւանքով գլխի շրջանում մահացու վնասվածքներ էր ստացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով միջադեպից 12 օր անց մահացավ:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG