Մատչելիության հղումներ

«Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»


Աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ

Աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ

Արտերկրում վեց ամսից ավելի գտնվող Հայաստանի քաղաքացիները այդ ժամկետի լրանալուց հետո 15 օրվա ընթացքում պետք է այդ մասին տեղյակ պահեն ՀՀ համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին` հակառակ դեպքում կտուգանվեն 3000 դրամի չափով:

Նոր օրենքը ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 1-ից: Օրենքը նախկինում եւս կար, սակայն դրամական տուգանք նախատեսված չէր:

Նախօրեին այս օրենքի մասին հաղորդագրություն էր տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` հորդորելով քաղաքացիներին հետեւել օրենքին:

Օմբուդսմենի գրասենյակի իրավական վերլուծական վարչության պետ Արամ Վարդեւանյանը, այսօր ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում արտերկրում մարդկանց իրազեկության իրավունքն ապահովելուն ուղղված, ասաց. - «Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Այդ նախազգուշացումը տարածվել է մամուլով, դրվել է Մարդու իրավունքերի պաշտպանի պաշտոնական կայքէջում»:

Տուգանքը նշանակվում է Հայաստան ժամանելիս, երբ անձը ներկայանում է Անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն, եւ բացահայտվում է խախտումը:

Վարդեւանյանը նաեւ ասաց, որ օրենքը չի ոտնահարում մարդու ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:
«Անձը որեւէ կերպ սահմանափակված չէ իր տեղաշարժվելու իրավունքում: Նա կարող է տեղաշարժվել, իր վայրը փոխել: Պարզապես նախատեսվում է փոքրիկ պարտականություն` տեղյակ պահելու իր գտնվելու վայրի մասին», - ասաց Վարդեւանյանը:

Օրենքի նպատակն է նաեւ բնակչության պետական ռեգիստրը թարմացնել, հստակեցնել, որպեսզի ցուցակները լինեն հստակ եւ համապատասխանեն Հայաստանում մշտապես ապրող մարդկանց թվին: Գրավոր տեղեկացնելու ձեւի ընտրության հարցում որեւէ սահմանափակում չկա. ցանկացած տեղեկացման ձեւ, որը կհամարվի գրավոր, ընդունելի է, այդ թվում` էլեկտրոնային հաղորդագրությունը:

Այնուամենայնիվ, այստեղ էլ խնդիր կա: Բյուրակն Իշխանյանը, ով կրթական ծրագրով Ֆինլանդիայում է, Հայաստանի արտգործնախարարության կայքէջում գտնել է մի էլեկտրոնային հասցե՝ Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանության հետ կապվելու համար, եւ պարզել է, որ դեսպանը գտնվում է Հայաստանում (Հայաստանը բոլոր երկրներում չէ, որ դեսպանատներ կամ հյուպատոսական ներկայացուցչություններ ունի): Իշխանյանը նամակ է գրել իր` երկրից բացակայելու մասին, սակայն դեռ որեւէ պատասխան չի ստացել:

Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը նման դեպքերում խորհուրդ է տալիս դիմում ներկայացնել օբմուդսմենին, որովհետեւ պատասխան չստանալու դեպքում խախտվում է այդ նամակին պատասխանելու պետական մարմնի համապատասխան պարտականությունը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG