Մատչելիության հղումներ

Գրողների միությանը կից կգործի «Նոր գիրք» տաղավարը


Հայաստանի գրողների միության շենքի հարեւանությամբ գտնվող պուրակում կգործեն «Նոր գիրք» տաղավարը եւ «Գրական հանդիպումներ» սրճարանը:

Տաղավարի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Հարկ է նշել, որ պուրակում որեւէ ծառ չի հատվելու:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ գրեթե 10 տարի առաջ է ծնվել այս գաղափարը, բայց պատկան մարմինները «հորդորել են ետ կանգնել»:

Ի վերջո այս տարի, երբ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքն է եւ նշվում է հայ գրատպության 500-ամյակը, հաջողվել է ստանալ քաղաքապետարանի թույլտվությունը:

«Ի պատիվ պարոն [Տարոն] Մարգարյանի, պետք է ասեմ, որ առաջարկը անմիջապես նրան գրավեց», - նշեց Անանյանը:

Տաղավարում, Գրողների միության նախագահի փոխանցմամբ, վաճառվելու են բացառապես նոր հրատարակված գրքերը:

«Եղած մի քանի խառն ապրանքներով գործող գրախանութներում ժամանակակից գրականությունը չի ցուցադրվում», - փաստարկեց նա:

Նույն պուրակում, Հայաստանի գրողների միության նախագահության որոշմամբ, գալիք գարնանը կբացվի նաեւ «Գրական հանդիպումներ» սրճարանը, որտեղ կկազմակերպվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ ընթերցողների հետ եւ այլ միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG