Մատչելիության հղումներ

Բաքուն միջազգային հանրության «վճռական դիրքորոշմանն» է սպասում


Ադրբեջանը սպասում է միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, արտգործնախարարների վճռական դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցով, որպեսզի նրանք վերաբերմունք արտահայտեն այդ գործընթացի նկատմամբ եւ ձեռնարկեն բանակցությունների հետագա ընթացքին նպաստող անհրաժեշտ քայլեր։ Այդ մասին այսօր «Թրենդ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը։

Դեռեւս ճիշտ չէ խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ամբողջովին դադարեցվել են, ասել է Մամեդովը։

«Դա չի նշանակում, թե ամեն ամիս պետք է անցկացվեն համանախագահների, արտգործնախարարների եւ նախագահների հանդիպումներ։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարարի, է՛լ ավելի վաղ` համանախագահների հետ, նախագահ Իլհամ Ալիեւը` Եվրամիության տվյալ հարցով ներկայացուցչի հետ։ Կան նաեւ այլ հանդիպումներ, որ անցկացվում են այժմ», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան` հավելելով, թե «ուղղակի հայկական կողմն է, պարբերաբար առիթ գտնելով, ցանկանում բանակցային գործընթացի ձգձգում, դրա պասիվ շարունակում»։

«Բայց մի հարց պարզ է. թե՛ Հայաստանի ղեկավարությունը, թե՛ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանան, որ հակամարտությունը վաղ թե ուշ պետք է արդարացի լուծում ստանա։ Այլ տարբերակ չկա։ Այսինքն` ադրբեջանական հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ինչը մենք անպայման կապահովենք։ Այլ կերպ չի էլ կարող լինել», - հայտարարել է Մամեդովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG