Մատչելիության հղումներ

Հայաստանում գտնվող սիրիահայերը, ովքեր հետադարձի տոմսեր ունեն, փոխհատուցում են պահանջում «Արմավիա»-ից, քանի որ ավիափոխադրողը դադարեցրել է չվերթները դեպի Սիրիա:

«Թռիչքները դադարեցրել են, եւ մենք ցանկանում ենք մեր փողերը ետ վերցնել, քանի որ այդ փողի կարիքն ունենք: Սա մեր իրավունքն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց սիրիահայ մի տղամարդ:

Հալեպահայ Մարինա Կարապետյանն էլ ասում է, որ ինքը եւ իր ընտանիքի չորս անդամները հետադարձի տոմսեր ունեն հոկտեմբերի 15-ի համար, սակայն հույս չունեն, որ փոխհատուցում կստանան:

«Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության նախագահին միջամտել եւ լուծել այս խնդիրն անմիջապես, որովհետեւ մեծ թվով սիրիահայեր վճարել են տոմսերի փողը եւ այն չի վերադարձվել իրենց», - ասում է Կարապետյանը:

«Արմավիա»-ի մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 10-ից հետո չվերթները դեպի Սիրիա դադարեցվել են ուղեւորների պատճառով, քանի որ նրանք չեն ցանկանում վերադառնալ այդ երկիր: Նրա հավաստմամբ` փոխհատուցումը կլինի, սակայն բոլորին միանգամից վճարել չեն կարող:

««Արմավիա»-ն պատրաստ էր թռիչքը իրականացնել, սակայն ընդամենը 10 հոգի եկան, եւ մենք չթռանք: Մենք նախատեսում ենք իրենց փողը մաս-մաս փոխհատուցել, քանի որ սա ավիաընկերություն է, ոչ թե բանկ: Իսկ իրենք 50-60 հոգով գալիս են դրամարկղ եւ պահանջում են իրենց փողերը», - ասաց «Արմավիա»-ի խոսնակը:

Ավետիսովան փոխանցեց նաեւ, որ տոմսեր վաճառել են մինչեւ հոկտեմբերի վերջի համար, եւ արդեն նոյեմբերին բոլորը ստացած կլինեն փոխհատուցումները: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Արմավիա»-ն որոշակի տուգանք կգանձի այդ գումարից` հավելելով, որ մարդիկ պետք է տոմսի վրա նշված չվերթի օրից հետո գնան «Արմավիա»-ի գրասենյակ եւ պահանջեն գումարը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG